ՀՊՏՀ-ում բաց դռների օր էր

18.02.2022
Դիտումների քանակ՝ 1338

Երևանյան տարբեր դպրոցների և քոլեջների ավելի քան 200 աշակերտներ այսօր առաջին անգամ ՀՊՏՀ-ում էին։ Տնտեսագիտական մայր կրթօջախի պատերից ներս՝ փոքր-ինչ շփոթված ու անվստահ, ապագա համալսարանականները փորձում էին բաց չթողնել բուհական միջավայրի ոչ մի մանրամասն, որն ապագայում միգուցե առօրեական ու մինչև իսկ սովորական կդառնա նրանց համար։

ՀՊՏՀ ֆակուլտետների ու մասնագիտությունների մասին ուսանողները նախ պատմեցին հոլովակների միջոցով, ապա ֆակուլտետային ուսխորհուրդների նախագահներն անձամբ ներկայացրին իրենց ֆակուլտետներն ու առաջարկվող մասնագիտությունները՝ յուրաքանչյուրը շեշտելով իր ընտրած մասնագիտության գրավչությունն ու տվյալ աշխատաշուկայի հեռանկարները։ Նշենք, որ ՀՊՏՀ բակալավրիատում այսօր կա 11, մագիստրատուրայում՝ 6 մասնագիտություն՝ 29 կրթական ծրագրերով։

Բաց դռների մասնակիցներին կազմակերպիչները համակողմանի տեղեկություններ փոխանցեցին նաև բուհի ենթակառուցվածքների, ընդունելության գործընթացի, միջազգային փոխանակման ծրագրերի, արտասահմանում ուսանելու հնարավորությունների, գործատուների հետ արդյունավետ համագործակցության, ուսանողական խորհրդի, ուսման վարձերի փոխհատուցման ու փոխատեղման բազմաթիվ ծրագրերի, դասապրոցեսին զուգահետ կազմակերպվող դասընթացների, անվանական կրթաթոշակների մասին։

Ապագա դիմորդներին նաև հիշեցրին՝ այս տարի ևս ՀՊՏՀ-ն կկազմակերպի էսսեների հանրապետական մրցույթ,  և լավագույն երեք աշխատանքների հեղինակները ՀՊՏՀ ընդունվելու դեպքում կարժանանան կրթաթոշակի։

Ապագա համալսարանականները տնտեսագիտության տարբեր ոլորտներում իրենց գիտելիքները ստուգելու հնարավորություն էլ ստացան, իսկ ինտերակտիվ խաղ-վիկտորինայի 10 լավագույն մասնակիցները բուհից հեռացան խորհրդանշական նվերներով։

Միջոցառման մասնակիցների համար համալսարանում նաև շրջայց կազմակերպվեց. ապագա տնտեսագետները եղան ՀՊՏՀ տարբեր մասնաշենքերում, ծանոթացան բուհի ենթակառուցվածքներին ու նյութատեխնիկական հնարավորություններին։