Braind ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանը ՀՊՏՀ-ում հանդես եկավ երկօրյա բաց դասախոսությամբ

Դիտումների քանակ՝ 2018

Մարքեթինգի ամբիոնի հրավերով ՀՊՏՀ-ում երեկ և այսօր բաց դասախոսությամբ հանդես եկավ Braind ընկերության համահիմնադիր Կարեն Բաբաջանյանը՝ «Բրենդինգ» թեմայով: Հանդիպումներն անցան լեփ-լեցուն լսարանում, մասնակցում էին ոչ միայն մարքեթինգի, այլև տարբեր մասնագիտությունների ուսանողներ:

«Շնորհակալ եմ այս հնարավորության համար, ուրախ եմ տեսնել իմ գործընկերներին և երկուսուկես տարվա ընդմիջումից հետո կրկին ամբիոնի մոտ եմ, ինչը շատ հուզիչ է: Ցանկանում եմ ձեզ ներկայացնել բրենդինգի ոլորտում իմ փորձը. այն ոչ թե կանոնների խումբ է կամ գիտելիք, որը պետք է անգիր սովորել, այլ իմ փորձով, իմ անցած ճանապարհով ձևավորված մոտեցումներ, որոնք սիրով կներկայացնեմ ձեզ»,- հանդիպումը բացեց Կարեն Բաբաջանյանը:

Նա ներկայացրեց 8-ամյա պատմություն ունեցող«Բրենդինգ» ընկերությունը, ստեղծած բրենդերը, «Բրենդինգն իրականում» խորագրի ներքո խոսեց բրենդինգի ոլորտում աշխատանքի առանձնահատկությունների մասին: Հանդիպումներն անցան ինտերակտիվ, աշխույժ հարց ու պատասխանի մթնոլորտում:

Մարքեթինգի ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Վադիմ Գրիգորյանը, մեր խնդրանքով մեկնաբանելով բաց դասի նախաձեռնությունը, նշեց, որ նման հանդիպումները ամբիոնը շատ է կարևորում, քանի որ ուսանողներին եզակի հնարավորություն է ընձեռվում շփվել ոլորտի լավագույն մասնագետների հետ, ովքեր իրենց գիտելիքն ու փորձն են փոխանցում ուսանողներին: «Այս հանդիպումները բացառիկ են նրանով, որ մեր ամբիոնում, բացի մեկանգամյա բաց դասերից, ավանդույթ է ձևավորվում դասընթացների շարք կազմակերպելը: Եվ սա առաջին նման փորձն է, որը, հուսով ենք, հաջող ընթացք կունենա: Առաջիկայում մենք կունենանք այլ նախաձեռնություններ՝ հանդիպումներ մասնագետների հետ և այցելություններ կազմակերպություններ»,- տեղեկացրեց ամբիոնի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Կարեն Բաբաջանյանը դասավանդել է ՀՊՏՀ-ում, ղեկավարել է կարիերայի և մարքեթինգի կենտրոնը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին