«Լիզինգը՝ բիզնեսի շարժիչ». վարպետության դաս ՀՊՏՀ-ում և համագործակցության հաստատում «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ի հետ

Դիտումների քանակ՝ 1582

«Արմենիան Լիզինգ Քամփնի»-ի համահիմնադիր և գործադիր գլխավոր տնօրեն, «Փարթներս Ինվեստ» ընկերության համահիմնադիր, ՀՀ-ում ԵԱՏՄ Լիզինգի ենթախմբի ներկայացուցիչ և անդամ, PhD գիտական աստիճան և PMP որակավորման աստիճան ունեցող Արսեն Բազիկյանն այսօր «Լիզինգը՝ բիզնեսի շարժիչ» թեմայով վարպետության դաս վարեց ՀՊՏՀ-ում, որին մասնակցում էին Համաշխարհային բանկի, հայաստանյան բանկերի ներկայացուցիչներ, ՀՊՏՀ ուսանողներ:

Մինչ հանդիպումը ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և Արսեն Բազիկյանը պայմանագիր ստորագրեցին ՀՊՏՀ ուսանողների ուսումնաարտադրական և գիտահետազոտական փորձառությունը «Արմենիան Լիզինգ Քամփնի»-ում կազմակերպելու և անցկացնելու մասին: Հանդիպմանը մասնակցում էին արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Գևորգ Սարդարյանը, նույն բաժնի աշխատակիցներ: Դիանա Գալոյանը հույս հայտնեց, որ ընկերության հետ համագործակցությունը կլինի արդյունավետ, ապա նշեց, որ գործատուների հետ համագործակցությամբ ՀՊՏՀ-ն ցանկանում է վերացնել աշխատաշուկայի հետ առկա խզումը և գործատուներին մոտեցնել ուսանողներին՝ նպաստելով նրանց կարիերայի կայացմանը: Արսեն Բազիկյանը ողջունեց ՀՊՏՀ մոտեցումը՝ նշելով, որ մարդկային կապիտալի զարգացումը ամենակարևորն է, ուստի ուրախալի է, որ Տնտեսագիտական համալսարանն այդ ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում:

Այնուհետև նիստերի սրահում կայացավ հյուրի հետ հանդիպումը, ներկաներին ողջունեց Դիանա Գալոյանը՝ ընդգծելով, որ գործարար Արսեն Բազիկյանը ՀՊՏՀ շրջանավարտ է, և նրա հաջողության պատմությունը կարող է ոգևորիչ լինել ուսանողների համար: «Փարթներս Ինվեստ»-ի համահիմնադիրն էլ, իր հերթին հպարտացավ, որ Տնտեսագիտականի սանն է և նկատեց՝ Հայաստանի տնտեսության ոլորտի կարկառուն ներկայացուցիչների զգալի մասը ՀՊՏՀ շրջանավարտ է:

Իսկ դասը՝ ինտերակտիվ ու բովանդակալից, դիտարկում էր լիզինգ երևույթը, գործարքի էությունը, առանձնահատկությունները, գործարքի փուլերը, լիզինգի դերը ապահովագրական ու վարկային ընկերությունների համար: Վարպետաց դասն ավարտվեց աշխույժ քննարկմամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին