Աղասի Թավադյանի առաջարկած թեման արժանացել է ԿԲ ՏԿՀԱԿ-ի դրամաշնորհի

27.04.2021
Դիտումների քանակ՝ 1560

ՀՀ կենտրոնական բանկի «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի կազմակերպած անհատական հետազոտական դրամաշնորհների մրցույթում   հաղթած թեմաներից մեկի հեղինակը ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ., «Տնտեսության անորոշության մոդելավորման» լաբորատորիայի վարիչ Աղասի Թավադյանն է։ Նրա թեման է ՝ «ՀՀ ինտեգրացիոն գործընթացների ազդեցությունը առևտրային հաշվեկշռի դինամիկայի վրա», որը, նշված լաբորատորիայի գործունեության շրջանակում մեր դասախոսը կհետազոտի 2 տարի։

Հիմնավորելով թեմայի արդիականությունը՝ Աղասի Թավադյանը նշեց, որ Հայաստանում առկա է էական բացասական առևտրային հաշվեկշռի հիմնախնդիրը, առանցքային նշանակություն է ստանում արտահանման և ներմուծման դինամիկայի սցենարների վերլուծությունը և կանխատեսումը` հատկապես հաշվի առնելով ինտեգրացիոն գործընթացների ազդեցությունը ՀՀ տնտեսության ներուժի և կառուցվածքի վրա: Այստեղից էլ բխում է արտահանման և ներմուծման հոսքերը մանրամասնորեն գնահատելու անհրաժեշտությունը, ընդ որում, ինչպես դեպի ԵԱՏՄ, այնպես էլ ԵՄ և այլ ուղղություններով, մասնավորապես՝ Իրան և Չինաստան:

«Հետազոտության արդյունքում գնահատվելու է ՀՀ առևտրաշրջանառության դինամիկան: Պլանավորվում է նաև ստեղծել կայքէջ, որը կարտացոլի հետազոտության արդյունքները և ինտերակտիվ կերպով կներկայացնի ՀՀ ապրանքաշրջանառության քարտեզը և ինքնաթարմացումով կգնահատի արտահանման և ներմուծման միտումները մինչև 2025 թ.: Ներկայացվելու են ապրանքաշրջանառության ինտերակտիվ քարտեզի հնարավորությունները ՀՀ արտահանման խթանման տեսանկյունից, ինչը հատկապես կարևոր է տնտեսական քաղաքականության բարելավման և ներդրումների ներգրավման տեսանկյունից»,–ասաց Աղասի Թավադյանը։

Շնորհավորում ենք և մաղթում արգասաբեր աշխատանք։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին