«ՀՊՏՀ ուսանողները համարձակ են և մեծ ներուժ ունեն». հերթական աշխատաժողովը՝ «Կոկա-կոլայի» ներկայացուցչի մասնակցությամբ

26.04.2021
Դիտումների քանակ՝ 1074

Մեր համալսարանի և «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի» համագործակցությունը շարունակվում է։ Այսօր մարքեթինգ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների համար «Կատեգորիաների կառավարում, մերչնդայզինգ» խորագրով աշխատաժողով անցկացրեց նշված ընկերության կատեգորիաների զարգացման ղեկավար Նոնա Պապյանը։ Արտալսարանային հանդիպումը բաղկացած էր 2 մասից՝ դասախոսություն և աշխատաժողով։ Տեսական հատվածում բանախոսը համակողմանիորեն անդրադարձավ կատեգորիաների կառավարման հիմունքներին և մերչնդայզինգի էությանը, շուկայում բրենդի առաջմղման գործում դրանց կարևորությանը։ Այնուհետև, աշխատաժողովի գործնական մասում, ուսանողները զարգացրին թեմային առնչվող հմտությունները։ Բաժանվելով թիմերի՝ նրանք կատարեցին առաջադրանք՝ կոնկրետ ապրանքների համար իրականացնել մերչնդայզինգ։ Մասնակցում էր մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանը։

Աշխատաժողովը հագեցած էր հարցուպատասխանով ու քննարկումներով։

asue.am-ի հետ զրույցում Նոնա Պապյանն ասաց, որ մեր ուսանողների հետ արդեն 2-րդ անգամ է հանդիպում և տպավորված է. «ՀՊՏՀ ուսանողները համարձակ են և մեծ ներուժ ունեն, նրանց հետ աշխատելիս նկատում եմ կրեատիվություն ու ստանդարտից դուրս մտածողություն»։

Արտալսարանային հանդիպման ձևաչափով դասերը շարունակական են։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին