Էդինբուրգի Նափիեր համալսարանի դասախոսը ՀՊՏՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Դիտումների քանակ՝ 1691

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Էդինբուրգի Նափիեր համալսարանի միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն՝ նշված համալսարանի դասախոս Կիրիլ Շարապովը այսօր հանդիպեց ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ և հանդես եկավ «Դասավանդման մեթոդները Էդինբուրգի Նափիեր համալսարանում» թեմայով զեկուցմամբ:
Միջազգային ծրագրերի կենտրոնում արտաքին կապերի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը հյուրը անդրադարձավ իր աշխատանքային կենսագրությանը՝ շեշտադրելով գիտահետազոտական գործունեությունը: Այնուհետև ներկաների ուշադրությունը հրավիրեց բարձրագույն ուսումնական հաստատություններում դասավանդման նորագույն մեթոդների վրա: Զեկուցման առանցքում ուսանողակենտրոն ուսուցման մոդելն էր, որտեղ առաջնային են, օրինակ, թիմային աշխատանքը, քննադատական մտածողության ձևավորումը, հետազոտական բաղադրիչը: Ըստ բանախոսի՝ անշուշտ, այս ամենը ուսանողի մոտ զարգացնում է դասախոսը՝ ուղղորդելով ու աջակցելով սովորել, վերլուծել, մտածել: Կիրիլ Շարապովը մանրամասն խոսեց նաև առցանց ուսուցման առանձնահատկությունների շուրջ՝ Նափիեր համալսարանի փորձը փոխանցելով ՀՊՏՀ գիտնական-մանկավարժներին: Ժամանակակից մեթոդների իրականացման շուրջ իրենց դիտարկումները ներկայացրին նաև ՀՊՏՀ դասախոսները, ծավալվեց քննարկում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին