Գիտության կոմիտեի ծրագրով երիտասարդ գիտնականների խմբի ամփոփ արդյունքը ներկայացվեց հերթական սեմինարում

Դիտումների քանակ՝ 1627

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտնականներ 2016-2018» թեմատիկ ծրագրի շրջանակում ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Աղասի Թավադյանի գլխավորությամբ իրականացվել է «Դրամավարկային քաղաքականության ազդեցության գնահատումը ՀՀ տնտեսության մրցունակության վրա» թեմայով հետազոտություն: Խմբի անդամներն են տ.գ.թ. Աղասի Թավադյանը, տ.գ.թ., դոցենտ Տաթևիկ Հակոբյանը և տ.գ.թ. Եվա Բազինյանը:
Այսօր տեղի ունեցած գիտական սեմինարին, որին ներկա էին ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս խաչիկյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբոնի վարիչ տ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Սարգսյանը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, Կենտրոնական բանկի ռիսկերի կառավարման բաժնի վարիչ Վահագն Մելիք-Փարսադանյանը, գիտության և ասպիրամտուրայի բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, աշխատակիցներ և ասպիրանտներ, հետազոտական խմբի ղեկավար Աղասի Թավադյանը ներկայացրել է հետազոտության ամփոփ արդյունքը:
Հետազոտական խմբի ղեկավարը մեզ հայտնեց հանդիպման մանրամասները՝ նշելով, որ դեկան Սոս Խաչիկյանը ներկայացրել է՝ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնը շահել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի Երիտասարդ գիտնականների դրամաշնորհի ֆինանսավորում: Հատուկ նշվել է, որ հետազոտությունը իրականացնում են երիտասարդ գիտնականներ:
Աղասի Թավադյանն իր զեկույցում ներկայացրել է կատարված աշխատանքի արդյունքները, ձևավորված մրցունակության գնահատման տեսանկյունից արտահանման ինտերակտիվ քարտեզը, որը կազմվել է մեծ տվյալների բազայի հիման վրա և հնարավորություն է տալիս իրականացնել արտահանման և ներմուծման վերլուծություն, շեղումների բացահայտում, կանխատեսում և վիզուալիզացիա:Ներկաների հարցերին տրվել են հանգամանալից պատասխաններ:
«Խմբի անդամները հետազոտության ժամկետի շրջանակում հրապարակել են 6 գիտական աշխատանք, զեկույցներով հանդես եկել գիտական հարթակներում: Աշխատանքը ներկայացվել է 2018թ. հոկտեմբերի 23-ին Եվրասիական շաբաթ միջազգային համաժողովի շրջանակներում, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և այլ մարմիններում: Նախատեսվում է տվյալ աշխատանքները ներդնել ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում:
Սեմինարի մասնակիցները հավանության արժանացրեցին կատարված աշխատանքը և միաձայն նշվեց, որ խումբը պատշաճ մակարդակով է կատարել գիտության կոմիտեի ծրագիրը»,- մեզ հայտնեց Աղասի Թավադյանը:

ՀՊՏՀ Լատվության և հասարակայնության հետ կապերի բաժին