ՀՊՏՀ ղեկավար կազմը պրոֆեսորադասախոսական աշխատակազմի հետ քննարկեց համալսարանում ներդրվող վերապատրաստման և ատեստավորման կարգը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1682

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի փորձագիտական խմբի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման և ատեստավորման կարգը, որը պատշաճ առաքվել է ամբոններին և հասանելի դարձել դասախոսներին:

Համալսարանի ղեկավար կազմը փետրվարի 3-ից սկսած կարգը քննարկելու նպատակով հանդիպումներ է նախաձեռնել ֆակուլտետներում՝ ֆակուլտետային և ամբիոնային աշխատակազմերի հետ: Հանդիպումներն, որոնք ավարտվեցին այսօր, սկսվել են կառավարման ֆակուլտետից և կայացել բոլոր 6 ֆակուլտետներում: Հանդիպումները կազմակերպել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը և գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը՝ ներկայացնելով կարգի մանրամասները, լսելով առաջարկություններ, դիտարկումներ:

Դիանա Գալոյանը, ներկայացնելով կարգի անհրաժեշտությունն, ընդգծել է, որ կարգի ընդունումը պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման գործում կարևոր քայլերից է, միևնույն ժամանակ նշել է՝ այն պետք է ընդունելի լինի կոլեկտիվի համար:

Կարգի շուրջ ծավալվել են քննարկումներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց հուզող հարցերը, առաջարկները, որոնց շուրջ ելույթ է ունեցել և պարզաբանումներ է ներկայացրել բուհի ղեկավարությունը։ Կոլեկտիվը հիմնականում դրական է արձագանքել կարգի ներդրմանը, միևնույն ժամանակ որոշվել է բոլոր դիտողություններն ու առաջարկները ներկայացնել, կատարել համապատասխան փոփոխություններ, որից հետո միայն կարգը ներկայացնել գիտխորհրդի քննարկմանը:

Ֆակուլտետային խորհրդակցությունների ֆոտոշարքը կարող եք տեսնել ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջի սույն հրապարակման մեջ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին