Հանդիպում ավագ դպրոցների տնօրենների հետ

27.04.2022
Դիտումների քանակ՝ 1263

Բուհ-դպրոց կապի ամրապնդման միջոցառումների շրջանակներում ապրիլի 26-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը հանդիպեց հանրապետության ավագ դպրոցների մի խումբ տնօրենների հետ։

Ողջունելով ներկաներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ բուհ-դպրոց համագործակցությունը, չնայած դրական տեղաշարժին, դեռևս արդյունավետ չէ, քանի որ աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցում բացակայում է համակարգված մոտեցումը։

«Մենք ցանկանում ենք լինել այն բուհը, որը ռեալ քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ և կփորձի խորացնել համագործակցությունը ձեզ հետ՝ դրանով իսկ նպաստելով աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը և որակյալ կադրեր պատրաստելուն»,- ասաց Դիանա Գալոյանը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ աշխատանքի ու նվիրումի համար, ինչի արդյունքում շատ հաճախ բուհ են գալիս փայլուն աշակերտներ, որոնց գիտելիքի հիմքը դրվել է հենց դպրոցում։

Այնուհետև ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը հակիրճ անդրադարձավ Տնտեսագիտական մայր բուհի գործունեությանը, միջազգային վարկանշավորման աղյուսակում ամրագրած դիրքերին, ենթակառուցվածքներին, ընդունելության գործընթացին, միջազգային փոխանակման ծրագրերին, արտասահմանում ուսանելու հնարավորություններին, գործատուների հետ արդյունավետ համագործակցությանը, ուսման վարձերի փոխհատուցման և փոխատեղման բազմաթիվ ծրագրերին, կազմակերպվող կարճաժամկետ դասընթացներին և այլն։

«Չի բացառվում, որ այլ ձևաչափով արդյունավետ համագործակցելու հնարավորություններ ևս կան, որ մենք չենք օգտագործում, և այսօրվա հանդիպումը հենց այդ նպատակն է հետապնդում՝ լսելու ձեզ և հասկանալու, թե ինչ համատեղ նախագծեր կարող ենք իրականացնել»,- նշեց Աղավնի Հակոբյանը՝ հավելելով, որ ավագ դպրոցներում տնտեսագիտություն դասավանդող ուսուցիչների համար ՀՊՏՀ-ն առաջիկայում կկազմակերպի «Տնտեսագիտական կրթությունն ավագ դպրոցներում» թեմայով համաժողով, իսկ ավագ դպրոցների աշակերտների համար բուհում կգործի ամառային եռօրյա դպրոց։

Կրթօջախների ղեկավարները բարձրաձայնեցին կրթական գործընթացին առնչվող խնդիրներ, հնչեցրին առաջարկություններ հետագա քննարկման ու լուծումներ տալու նպատակով։ Ռեկտորի խոսքով՝ չափազանց կարևոր է ավագ դպրոցների տնօրենների կարծիքն ու գնահատականը՝ մասնագիտական կողմնորոշման կարիքների վերհանման, համատեղ ծրագրերի իրականացման, դպրոց-բուհ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Ըստ այդմ, ՀՊՏՀ ղեկավարությունը պատրաստակամ է՝ քննարկելու հնչեցրած առաջարկությունները, համալսարանի և ավագ դպրոցների համագործակցության բոլոր հնարավորությունները։

Դիանա Գալոյանը գործընկերներին խորհուրդ տվեց նաև ավագ դպրոցների աշակերտների հետ ներկա գտնվելու «Կրթություն և կարիերա EXPO - 2022» ցուցահանդեսին, որտեղ ՀՊՏՀ տաղավարի այցելուները կարող են ոչ միայն համապարփակ տեղեկություն ստանալ բուհի ֆակուլտետների, մասնագիտությունների, ընդունելության կարգի վերաբերյալ, այլ նաև՝ անակնկալ մրցանակներ։

Հանդիպում-խորհրդակցության ավարտին 2020-2021 և 2021-2022 ուսումնական տարիներին ՀՊՏՀ-ի հետ արդյունավետ համագործակցության և «Լավագույն գործընկեր» ճանաչվելու կապակցությամբ ՀՊՏՀ ռեկտորը հավաստագրեր հանձնեց հանդիպմանը ներկա շուրջ երկու տասնյակ դպրոցների ղեկավարների։

Վերջում հյուրերը հնարավորություն ունեցան շրջելու համալսարանում, ծանոթանալու բուհական միջավայրին։