ՀՊՏՀ-ում ամփոփվեցին «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի արդյունքները

27.04.2022
Դիտումների քանակ՝ 1084

ՀՊՏՀ մասնակցությամբ հաջողությամբ ավարտվեց ևս մեկ միջազգային նախագիծ: Երեկ՝ ապրիլի 26-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի արդյունքների ներկայացման և ամփոփման տեղեկատվական միջոցառումը: Կազմակերպիչն էր ՀՊՏՀ-ն, մասնակցում էին շահագրգիռ նախարարությունների, բուհի ղեկավար կազմի, ստորաբաժանումների, փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ, ամբիոնի վարիչներ, հետազոտողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Բագրատ Գրիգորյանը:

Դիանա Գալոյանն անդրադարձավ նախագծի հիմնական նպատակին, որն է՝ գիտական հետազոտությունների առևտրայնացումը և ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթի խթանումը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա, ընդգծեց մեկուկես տարվա ընթացքում իրականացված կարևորագույն գործընթացները: Ռեկտորը վստահեցրեց, որ, չնայած համավարակի առաջացրած խոչընդոտներին, ՀՊՏՀ-ն, որպես ծրագրի համակարգող, ներդրել է բոլոր ջանքերը՝ կազմակերպելով գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցմանը նվիրված երկօրյա առցանց աշխատաժողով, բիզնես-հետազոտական ենթակառուցվածք համագործակցության խթանման նպատակով մրցույթ, ուսումնական այց, քննարկումներ և այլ միջոցառումներ, որոնց արդյունքները կօգնեն լրացնել ոլորտում առկա բացերը:

«Լիահույս եմ, որ նախագծի շրջանակում ձեռք բերված փորձի և կարողությունների հիման վրա Տնտեսագիտական համալսարանը օղակ կհանդիսանա թիրախային խմբերի՝ ՓՄՁ-ների և գիտահետազոտական ենթակառուցվածքների միջև՝ ապահովելով մրցունակություն, զարգացում և առաջխաղացում»,- ամփոփեց Դիանա Գալոյանը՝ հիշեցնելով, որ ծրագրին վերաբերող տեղեկատվությունը հասանելի է ՀՊՏՀ պաշտոնական կայքում և ծրագրի կայքում:

Բագրատ Գրիգորյանն իր գոհունակությունը հայտնեց արդյունավետ գործակցության համար՝ ընդգծելով, որ ծրագիրը հնարավորություն ընձեռեց ստանալու փորձ ու գիտելիք, բացահայտումներ կատարելու, ճանաչելի դարձնելու իրենց կազմակերպությունը և այն մասնագետներին, որոնք կարող են հանդես բերել իրենց կարողությունները:

Նախագծի համառոտ նկարագրությունը, արդյունքները և ազդեցությունը ներկայացրեց ՀՊՏՀ միջազգային կապերի առաջատար մասնագետ Անի Պետրոսյանը՝ հանգամանորեն խոսելով կարևորագույն գործողությունների՝ աշխատաժողովի, մրցույթի, ուսումնական այցի և այլ հարցերի մասին:

Այնուհետև ՀՊՏՀ ռեկտորը հավաստագրեր հանձնեց նախագծի շրջանակում անցկացված մրցույթի մասնակիցներին և հաղթողներին՝ Symphony of Nature, GebeCert և AIP Tech ընկերություններին: Մրցույթի մանրամասները՝ այստեղ։

Միջոցառման երկրորդ մասում նախագծի արդյունքների ամփոփմամբ հանդես եկավ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը: Որպես ծրագրի ամբողջ ընթացքի գործուն մասնակից՝ նա հակիրճ արձանագրեց գործընթացի կարևորագույն փուլերը, թիրախները, կատարված աշխատանքը, ընդգծեց վիշեգրադյան քառյակի երկրների ճիշտ ընտրությունը և այն, որ հետխորհրդային և զարգացման արդյունավետ ուղի ընտրած երկրները՝ Չեխիան, Լեհաստանը և Սլովակիան, ուսանելի փորձ փոխանցեցին, որն օգտակար է հայաստանյան կրթական համակարգի և ձեռնարկատիրության, գիտություն-տնտեսություն կապի ամրապնդման համար: Դավիթ Հախվերդյանը մասնավորապես անդրադարձավ Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի Մասարիկի համալսարան ուսումնական այցին՝ արժևորելով այն, խոսելով, օրինակ, տեխնոլոգիաների փոխանցման հարթակի մասին, որն ապահովում է գիտելիքի առևտրայնացում` կարևորելով ֆինանսավորման աղբյուրների, ենթակառուցվածքների համակարգվածության և այլ հարցեր: Այցի մանրամասները՝ այստեղ։

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ինժեներական բաժնի պետի տեղակալ Համլետ Իսունցն անդրադարձավ Կենտրոնական Եվրոպայի տեխնոլոգիական ինստիտուտ, Մասարիկի համալսարանի գիտական ֆակուլտետի RECETOX հետազոտական կենտրոն, Հարավային Մորավիայի ինովացիոն կենտրոն այցին, այդ կառույցների գործունեությանը, գիտահետազոտական ծրագրերին, ինովացիոն ռազմավարությանը:

Նախագծի գործնական արդյունավետության՝ ձեռք բերված փորձի և իրենց բիզնեսի զարգացման գործում նախագծի անմիջական և դրական ազդեցության մասին խոսեցին ՓՄՁ ներկայացուցիչներ Մարինե Աղայանը (AIP Tech ներկայացուցիչ) և Արմինե Աբրահամյանը (Symphony of Nature): Վերջինս շեշտադրեց, որ շնորհիվ վիշեգրադյան նախագծի շրջանակում անցկացված մրցույթի, փորձի փոխանակման՝ ամրապնդվեց հետազոտական ենթակառուցվածքների հետ կապը և բիզնեսը զարգացնելու նոր հեռանկարներ բացվեցին:

Բանախոսները շնորհակալություն հայտնեցին ՀՊՏՀ-ին՝ որպես նախագծի համակարգող արդյունավետ աշխատելու և բովանդակալից տեղեկատվական միջոցառում կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է: Նախագծի նպատակը գիտական հետազոտությունների առևտրայնացումն է և ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթի խթանումը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա: