«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի երրորդ համարի էլեկտրոնային տարբերակն առցանց է

27.11.2020
Դիտումների քանակ՝ 1105

ՀՊՏՀ գիտական պարբերականի 2020 թվականի երրորդ համարի հոդվածներն առցանց հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում` «Գիտություն» խորագրի ներքո:  Այս թողարկման մեջ արծարծվում են տնտեսագիտական բազմաբնույթ հիմնախնդիրներ` նվիրված մակրոտնտեսագիտությանը, սոցիալական քաղաքականությանը, տարածքային զարգացմանը, գյուղատնտեսությանը, միջազգային տնտեսագիտությանը, նորարարությանն ու կրթությանը, ինչպես նաև դիտարկվում են անգլերենի դասավանդման մեթոդաբանական հարցեր:

Այսպես. «Մակրոտնտեսագիտություն» խորագրի ներքո հանդես են գալիս Եվգենյա Բազինյանը, Հայկ Բեջանյանը, Արթուր Այրումյանը, Նարեկ Կարապետյանը և Տաթևիկ Ռոստոմյանը` «ՀՀ տնտեսության վրա ազդող արտաքին շոկերը և դրանց փոխանցման ուղիները», ինչպես նաև Ալվարդ Խառատյանը, Վարսիկ Տիգրանյանը, Զարուհի Ավետյանը` «ՀՀ արտաքին անձնական տրանսֆերտների մակրոտնտեսական ազդեցության գնահատումը» հոդվածներով:

«Սոցիալական քաղաքականություն» խորագիրը ներկայացնում են Զոյա Թադևոսյանը և Թադևոս Ավետիսյանը` «Զբաղվածության պետական քաղաքականության տեսական և գործնական հարցեր» և Սամվել Մարգարյանը` «ՀՀ ժողովրդագրական արդի իրավիճակը և սոցիալական քաղաքականության հիմնախնդիրները» հոդվածներով:

«Տարածքային զարգացում» խորագրում զետեղված է Սամվել Ավետիսյանի, Գայանե Թովմասյանի, Լուսյա Միրիջանյանի, Քրիստինե Թաթոսյանի, Ինգա Գալուստյանի և Արգինե Ռուշանյանի «ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի զբոսաշրջային ռեսուրսների վերլուծությունը» հոդվածը:

Գյուղատնտեսության հիմնախնդիրներին համանուն խորագրում անդրադառնում են Գևորգ Ալոյանն ու Հայկ Մարտիրոսյանը` «Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի չօգտագործվող վարելահողերի հաշվառում հեռահար զոնդավորման եղանակով» վերլուծականում, իսկ «Միջազգային տնտեսագիտություն» բաժնում Շողիկ Մեջլումյանի «Համաշխարհային տնտեսության վրա միջազգային զբոսաշրջության ոլորտի ազդեցության տնտեսամաթեմատիկական գնահատականը» հոդվածն է:

«Նորարարություն և կրթություն» բաժնում է մեր լուսահիշատակ գործընկերոջ` Վարդան Սարգսյանի և համահեղինակներ Արմեն Ղազարյանի ու Գայանե Հարությունյանի «ՀՀ բանկային համակարգում արհեստական բանականության տեխնոլոգիական միջավայրի վիճակագրական վերլուծությունը և ազդեցությունների գնահատումը» հոդվածը: Նույն խորագրի ներքո հանդես են գալիս Դավիթ Հախվերդյանը, Մարիամ Եղյանը և Անի Մոմճյանը` «Գիտահետազոտական ենթակառուցվածքների սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման մեթոդաբանությունների վերլուծություն և հայաստանյան իրականություն» հոդվածով:

Դասավանդման մեթոդաբանությանն է նվիրված Քրիստինա Թորգոմյանի «Անգլերենի առցանց դասավանդումը. առաջացած մարտահրավերներ և լուծումներ» հոդվածը:

Հանդեսի նոր համարի բոլոր հոդվածները կարող եք կարդալ այստեղ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին