Ավոյից հայրենասիրություն ու արվեստ էր ծորում. հերոսի մահով ընկավ ՀՊՏՀ շրջանավարտ, արվեստաբան Ավետիս Ավետիսյանը

30.11.2020
Դիտումների քանակ՝ 2308

Տնտեսագետ, արվեստաբան, հայրենիքի նվիրյալ. այսպես են նկարագրում Արցախյան գոյամարտում հերոսական կռիվ մղած ու հերոսի մահով ընկած Ավետիս Ավետիսյանին, ով պատերազմի առաջին օրերին Արցախ էր մեկնել որպես կամավոր: Նա 2003-2008 թթ. սովորել է ՀՊՏՀ-ում` տնտեսագիտության տեսություն մասնագիտությամբ: Այնուհետև խորամուխ է եղել արվեստի բնագավառում` ստանալով նաև արվեստաբանի կրթություն: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող էր: Ամուսնացած էր, ունի 1 դուստր:

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Վլասյանը և կառավարման ամբիոնի ասիստենտ Մարիաննա Քոչարյանը նրա համակուրսեցիներն են: Նրանք մեզ հետ զրույցում նկարագրեցին իրենց հերոս կուրսընկերոջը: «Նա մեր Ավոն էր, մեր կուրսի յուրօրինակ մարդը, որն ապրում ու շնչում էր արվեստով ու հայրենիքով: Ճիշտ է, ընտրել էր տնտեսագիտությունը, սակայն ակնհայտ էր, որ ինքն արվեստի, հայագիտության, ռազմագիտության ոլորտների մարդ էր: Հետո, իհարկե, արվեստաբանի կրթություն ստացավ, խորը ուսումնասիրություններ կատարեց, հրետանու մասին գիրք հեղինակեց: Մենք միշտ հպարտանում էինք նրանով, շարունակում ենք հպարտանալ»,-մեզ հետ զրույցում հերոսին այսպես բնութագրեց Վարդան Վլասյանը:

«Այո, Ավոյից հայրենասիրություն ու արվեստ էր ծորում, նա բոլորից առանձնանում էր իր տեսակով: Հայրենքն ու ռազմահայրենասիրությունն իր համար մի ուրիշ աշխարհ էին: Զինվորական ծառայություն էր անցել Արցախում` Եղնիկներում, և ասում էր, որ ծառայության այդ 2 տարին իր կյանքի լավագույն ժամանակահատվածն էր: Պատկերացնո՞ւմ եք, որքա᷉ն հայրենիք կար նրա մեջ: Անդադար շրջագայում էր Հայաստանով և Արցախով, ուսումնասիրում հայկական մշակույթը, այցելում եկեղեցիներ: Շատ պրպտող ու հետաքրքրասեր էր: Տեղյակ եմ նաև, որ Եղնիկների լեգենդար հրամանատար Քյոխը` Կարեն Ջալավյանը, Ավետիսի հրամանատարն է եղել, Ավոն նրան շատ էր հարգում և միշտ պահում էր կապը: Անգամ Ավետիսի ֆեյսբուքյան էջից է ակնառու, թե որքան հայրենասեր ու շնորհաշատ էր նա»,-հավելեց Մարիաննա Քոչարյանը:

Մեր վշտակցությունն ենք հայտնում Ավետիս Ավետիսյանի ընտանիքին ու հարազատներին: Գլուխ ենք խոնարհում: Անմար փառք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին