ՀՊՏՀ ներկայացուցիչները Մոլդովայում մասնակցել են միջազգային ծրագրի արդյունքների ամփոփման

05.12.2023
Դիտումների քանակ՝ 847

Նոյեմբերի 27-29 Քիշնևում (Մոլդովա) տեղի ունեցած Շվեդական ինստիտուտի ֆինանսավորմամբ իրականացվող «Հետազոտության ոլորտում համագործակցության հնարավորությունների ընդլայնում» ծրագրի արդյունքների ամփոփմանը և կառավարչական հանդիպմանը մասնակցել են ծրագրի ՀՊՏՀ համակարգող, համալսարանի ֆոնդահայթայթման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր Թաթուլ Մկրտչյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, տ․գ․թ., դոցենտ Աննա Փախլյանը։

Գործուղման շրջանակներում ՀՊՏՀ պատվիրակները հանդիպում-քննարկումների են մասնակցել Մոլդովայի Հետազոտությունների և զարգացման ազգային գործակալությունում, Կոմրատի և Մոլդովայի պետական համալսարաններում:

Մեկնարկային հանդիպմանը պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով հետազոտությունների միջազգայնացմանն ուղղված ջանքերը: Ներսես Գևորգյանը զեկույց է ներկայացրել «Հետազոտության ոլորտում համագործակցության հնարավորությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ում իրականացված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին:

Ծրագրի շրջանակներում խմբի անդամների կողմից մշակվել է հետազոտական կառավարման վերաբերյալ կարճ ակադեմիական դասընթաց՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջազգային հետազոտական համագործակցությանը:  Աննա Փախլյանի ներկայացրած ակադեմիական դասընթացն արժանացել է բարձր գնահատականի՝ լավագույնը ճանաչվելով ծրագրի մասնակից հայաստանյան և մոլդովական բուհերի նմանօրինակ ծրագրերի շարքում: Ծրագրի համակարգող, Լինշոպինգի համալսարանի պատվիրակի առաջարկով ՀՊՏՀ հետազոտական թիմի կողմից մշակված ծրագիրը ներկայացվել է նաև ամփոփիչ համաժողովին:

Գործընկեր բուհերի ներկայացուցիչների կառավարչական հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ: