Նոր համագործակցություն, որն ուղղված է մարքեթինգ մասնագիտության ուսանողներին

08.02.2021
Դիտումների քանակ՝ 1275

ՀՊՏՀ շրջանավարտներն իրենց փորձով և գիտելիքով վերադառնում են հարազատ բուհ՝ արդեն գործընկերոջ կարգավիճակում։ ՀՊՏՀ-ն նոր որակ և բովանդակություն է հաղորդում գործատուների հետ փոխհարաբերություններին՝ գործընկերություն հաստատելով նաև ՀՊՏՀ շրջանավարտների հետ, որոնք գործող ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ են։

Այսօր ամրագրվեց հերթական համագործակցությունը, որն ուղղված է մարքեթինգ մասնագիտության ուսանողներին և նրանց համար նախատեսում է վերապաստրաստման դասընթացներ, պրակտիկա, աշխատանքի հնարավորություն. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանը համագործակցության հուշագրեր ստորագրեց «Թարգեթինգ» ընկերության տնօրեն Գոռ Կարապետյանի և «Սիմփլ Սոլյուշնս» ընկերության տնօրեն Էմիլ Կրոյանի հետ։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժնի պետ Տաթև Վարդանյանը և մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանը։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և հույս հայտնեց, որ նախատեսվող համագործակցությունն արդյունավետ կլինի մարքեթինգ մասնագիտության ուսանողների համար՝ նպաստելով ինչպես կրթության որակի բարելավմանը, այնպես էլ ուսանողների՝ աշխատանքի տեղավորմանը։ Ռեկտորն ընդգծեց, որ Տնտեսագիտական համալսարանը մեծ ուշադրություն է հատկացնում շրջանավարտների հետ համագործակցությանը և կարևորում է, որ ակադեմիական կրթությանը զուգահեռ ուսանողներին գիտելիք և հմտություն փոխանցեն գործնական դաշտի մասնագետները։ «Մենք մեր շրջանավարտներին համարում ենք դրսում Տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչներ, ուստի պատրաստակամ ենք նրանց հնարավորություն տալ՝ հարազատ համալսարանում հանդես գալու տարատեսակ ծրագրերով և նախաձեռնություններով»,- ասաց Դիանա Գալոյանը՝ հույս հայտնելով, որ մարքեթինգ մասնագիտության ուսանողներն առաջիկայում ականատեսը կդառնան սույն համագործակցության արդյունքների։

Էմիլ Կրոյանը և Գոռ Կարապետյանը շնորհակալություն հայտնեցին հարազատ բուհի հետ համագործակցելու հնարավորության համար և նշեցին, որ պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ բուհում ոչ ֆորմալ կրթության զարգացման գործում։

Մարքեթինգի ամբիոնի վարիչ Վադիմ Գրիգորյանը շեշտեց՝ մարքեթինգի ամբիոնը պրակտիկ ոլորտի մասնագետների հետ աշխատանքի լավ փորձ ունի, դրան նպաստում է նաև այն, որ մարքեթինգը կիրառական մասնագիտություն է։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին