Սպորտը մեր կյանքի անբաժան մասն է. պարգևներ հանձնվեցին դասախոսական մարզական խաղերի մրցանակակիրներին

08.02.2021
Դիտումների քանակ՝ 976

ՀՀ 14 բուհերի ավելի քան 200 դասախոս և աշխատակից հունվարի 29-ից փետրվարի 4-ը ՀՊՏՀ-ում մասնակից դարձան ավանդական «Դասախոսական գավաթ» մարզական միջոցառմանը: ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն այսօր մեր բուհում հանդիպում էր կազմակերպել՝ մասնակից-բուհերի ներկայացուցիչներին մրցանակները հանձնելու, ինչպես նաև ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախորդ տարվա գործունեության հաշվետվություն-ամփոփումը ներկայացնելու, առաջիկա մարզական միջոցառումներն ուրվագծելու նպատակով:

Ներկաներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ նշելով, որ Տնտեսագիտական մայր բուհում մեծ ուշադրություն է հատկացվում սպորտին, և համապատասխան ամբիոնը պարբերաբար հանդես է գալիս միջոցառումներով՝ ներգրավելով թե՛ բուհերի ուսանողությանը, թե՛ դասախոսներին ու աշխատակիցներին:

«Ճիշտ է, մենք տնտեսագիտական բուհ ենք, այնուամենայնիվ, սպորտը մեր կյանքի անբաժան մասն է, և մենք շարունակելու ենք համալսարանական սպորտի զարգացմանն ուղղված մեր ջանքերը»,-ասաց ռեկտորը:

Միջոցառման շրջանակում անցկացված 5՝ հրաձգության, շախմատի, ուժային եռամարտի, բադմինտոնի, սեղանի թենիսի առաջնություններում 1-3-րդ տեղերը զբաղեցրած բուհերի ներկայացուցիչներին մրցանակներ հանձնեցին ու շնորհավորեցին Դիանա Գալոյանը և Հովհաննես Գաբրիելյանը:

Օրվա հատուկ հյուրերի շարքում էր ՀՀ շախմատի ուսանողական թիմը, որը 2020 թ. հոկտեմբերին աշխարհի ուսանողական առցանց առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը: Նրանց հանձնվեցին խրախուսական մրցանակներ: Նշենք, որ թիմի կազմում է նաև ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Տիգրան Հարությունյանը:

Հանդիպման 2-րդ հատվածում Հովհաննես Գաբրիելյանը ներկայացրեց Ուսանողական մարզական ֆեդերացիայի 2020թ. գործունեությունը, ապա նախանշեց 2021-ի անելիքները:

asue.am-հետ զրույցում Հովհաննես Գաբրիելյանն ասաց, որ «Դասախոսական գավաթ» միջոցառումը առաջին հերթին միտված էր առողջ ապրելակերպի քարոզմանը, և հատկապես համավարակի պայմաններում սպորտի դերն ավելի է կարևորվում:

«14 մասնակից բուհերից 11-ը մեդալներ են նվաճել. սա ևս մեկ ցուցանիշ է, որ բուհերը ակտիվություն են ցուցաբերել, մարզական միջոցառումը կարելի է ստացված համարել»,-ասաց ամբիոնի վարիչը:

Բոլոր առաջնություններն անցկացվել են հակահամաճարակային կանոնների պահպանմամբ:

Շնորհավորում ենք մրցանակակիրներին, մասնակիցներին ու կազմակեպիչներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին