Համագործակցության նոր հորիզոններ. ՀՊՏՀ պատվիրակությունը այցելել է Էդինբուրգ

Դիտումների քանակ՝ 1580

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում եղել են միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տ.գ.դ. պրոֆեսոր Դիանա Գալոյանը և արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, ս․թ․ դեկտեմբերի 3-7-ը գտնվել են Էդինբուրգի Նափիեր համալսարանում։
Ինչպես հայտնում են մեր գործընկերները, այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, որոնց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում կշարունակվի և կընդլայնվի երկու համալսարանների միջև համագործակցությունը։ Էդինբուրգի Նափիեր համալսարանում ռեկտորի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել են պրոռեկտորներ Ալիստեյր Սամբելլը, Էլիսոն Տոբինը, հանդիպում է տեղի ունեցել նաև համալսարանի Բիզնես դպրոցի ուսումնական գծով տնօրեն Գրանտ ՄաքԿերոնի հետ, ում հետ դեռ նախորդ տարվանից բանակցություններ են տարվում համատեղ մագիստրոսական ծրագիր իրականացնելու ուղղությամբ։ Կողմերը համաձայնության են եկել վերջնական փուլին հասցնել բոլոր պայմանավորվածությունները, որոնց արդյունքում արդեն հաջորդ տարի նախատեսվում է կնքել համագործակցության հուշագիր և տալ ծրագրի մեկնարկը։
Հանդիպում է տեղի ունեցել Կիրառական սոցիալական գիտությունների ֆակուլտետի դոկտոր Կիրիլ Շառապովի և նույն համալսարանի Բիզնես դպրոցի դասախոս դոկտոր Ֆավադ Խալիլի հետ։ Հանդիպման հիմնական նպատակը «Հորիզոն 2020»-ի համատեղ հայտադիմումի մշակումն էր, որը կներկայացվի առաջիկա հասանելի ֆինանսավորմանը։ Միջազգային համագործակցության բաժնի հետ տեղի ունեցած քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ դիմել «Էրազմուս+» ծրագրի Հիմնական գործողություն 1 բաղադրիչին՝ 2018 թվականին բացված հասանելի հայտադիմումների շրջանակում։ Կողմերը նաև քննարկել են և համաձայնության են եկել «Էրազմուս+» ծրագրի Հիմնական գործողություն 2-ի շրջանակներում միանալ ներկայացվող հայտադիմումին։ Մանրամասն քննարկվել է հայտադիմումի ընդհանուր գաղափարը, և այն վերջնական տեսքի կբերվի առաջիկա ամսվա ընթացքում։
Էդինբուրգի Նափիեր համալսարանի Բիզնես դպրոցում միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանը հանդես է եկել «Միջազգային առևտրի տեսություններ և տնտեսական զարգացում» թեմայով դասախոսություններով։ Իսկ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը Էդինբուրգի Նափիեր համալսարանի Բիզնես դպրոցի դասախոսների համար հանդես է եկել շնորհանդեսով՝ ներկայացնելով ընդհանուր տեղեկատվություն ՀՊՏՀ-ի մասին, առկա միջազգային ծրագրերն ու փորձը, «Ամբերդ» հետազոտական կենտրոնը և հետազոտության հիմնական ուղղությունները։
ՀՊՏՀ պատվիրակությունը վերադարձել է լավ տպավորություններով. մեր գործընկերները հուսով են, որ այցը կդառնա համագործակցության մի նոր ուղղություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին