ՀՊՏՀ-ն՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործընկեր

Դիտումների քանակ՝ 1298

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը գործընկերներ են: ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նոյեմբերի 29-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի պետական համալսարանի և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտորները, ներկայացուցիչները, որոնք ևս ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության հուշագրեր ստորագրեցին: ՀՊՏՀ-ից միջոցառմանը ներկա էր նաև «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց բուհերի ներկայացուցչներին՝ նշելով, որ իրենց համար չափազանց կարևոր է այս համագործակցությունը: Նա կարևորեց հատկապես համատեղ հետազոտական ծրագրերի, նախագծերի և միջոցառումների իրականացումը, նշեց, որ կարող են օգնել նաև բուհերին՝ ուսանողների փորձառությունների կազմակերպման հարցում:

ՀՊՏՀ պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով բուհերի հետ համագործակցելու նման նախաձեռնության համար, ընդգծեց, որ ՀՊՏՀ-ն կարևորում է հետազոտական ոլորտում համագործակցությունը և այս առումով մեծ ներուժ ունի՝ ի դեմս «Ամբերդ» հետազոտական կենտրոնի: Պրոռեկտորը հայտնեց, որ այն 2-րդ տարին արդեն ընդգրկվում է Փենսիլվանիայի համալսարանի աշխարհի ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանիշավորման “Go To Think Tank Index Report'' զեկույցում՝ 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում՝ այս տարի զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը:

Մյուս բուհերի ներկայացուցիչները ևս բարձր գնահատեցին նախաձեռնությունը և փոխգործակցության պատրաստակամություն հայտնեցին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին