ՀՊՏՀ-ում օրն սկսվեց երիտասարդական խանդավառությամբ. կամավորությանը նվիրված համաժողով և տոնավաճառ

Դիտումների քանակ՝ 2383

«Արա ուրիշի համար, սովորիր քեզ համար». այս հավատամքով աշխարհում հազարավոր երիտասարդներ կամավորական գործունեություն են ծավալում, շատերն այն խելամտորեն դարձնում են կենսակերպ՝ ողջ կյանքում սովորելով ու փորձ քաղելով: Այսպես կոչված չվարձատրվող աշխատանքի յուրատեսակ վարձատրության արժեքն իմացողների մի ստվար հատվածի այսօր համախմբել էր Տնտեսագիտական մայր բուհը՝ Կամավորական հնարավորությունների համաժողով-տոնավաճառում: Կազմակերպել էին ՀՊՏՀ-ն (գործուն աջակցություն է ունեցել համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը), «Համախմբված երիտասարդական միություն» (նախագահ՝ ՀՊՏՀ ուսանող Անի Ղազարյան) և «Երիտասարդները հանուն փոփոխության» (նախագահ՝ Գրիգոր Ջանիկյան) ՀԿ-ները: Մասնակցում էին հայաստանյան մի շարք բուհերի ուսանողներ, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի սաներ, ՀԿ ներկայացուցիչներ, ՀՊՏՀ աշխատակիցներ: Միջոցառումը բաղկացած էր 2 մասից՝ համաժողով, որտեղ բանախոսեցին ԱԺ երիտասարդ պատգամավորներ, հաջողակ ու փորձառու մասնագետներ, ովքեր երիտասարդներին ոգևորեցին իրենց հաջողության պատմությամբ, և տոնավաճառ, որտեղ միջազգային ու տեղական ՀԿ-ներ առաջարկում էին կամավորական, որոշները նաև վարձատրվող աշխատանք:

Համաժողով-տոնավաճառի բացումն ազդարարեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Նա բարի գալուստ ասաց բոլորին՝ խոսնակներին ու ՀԿ-ներին, որոնք եկել էին կամավորությունը խրախուսելու, և ուսանողներին, որոնք հետաքրքրված են հասարակական աշխատանքով և նախընտրում են ինքնազարգացման այս ճանապարհը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց միջոցառման համակազմակերպիչ, մեր ուսանող Անի Ղազարյանին: Բուհի ղեկավարը լիահույս է՝ կամավորությունը անփոխարինելի փորձառություն է, որը տալիս է գիտելիք, փորձ, հմտություն:

Կամավորությունն արժևորող խոսք ասաց Անի Ղազարյանը, ապա ներկայացրեց միջոցառման օրակարգն ու ամբիոնը տրամադրեց բանախոսներին:

Խոսնակներն էին Grow edutainment ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Անուշ Մանուչարյանը, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, որակավորված կառավարման խորհրդատու, դասընթացավար և մենթոր, IMS Armenia-ի գործադիր տնօրեն, Innovative Women Entrepreneurship-InWEnt-ի նախագահ Սիլվա Մեսրոպյանը և ՀՀ ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Սոնա Ղազարյանը: Նրանք կամավորական աշխատանքի մեծ փորձ ունեն և ինչպես նշեցին ելույթներում՝ իրենց հաջողությունը խարսխված է նաև այն ոչ ակադեմիական գիտելիքի վրա, որը ստացել են կամավորության շնորհիվ: Խոսնակների հիմնական ուղերձը սա էր. մրցունակ մասնագետ դառնալու, աջակից ու կարեկցող, նախաձեռնող ու կազմակերպիչղ լինելու, բիզնես հմտություններ ձևավորելու, մարդկանց ճանաչելու և նրանց հետ լավագույնս հաղորդակցվելու և պարզապես գործնական գիտելիք ու փորձ ձեռքբերելու համար ամենալավ դպրոցներից մեկը կամավորությունն է, և ուրեմն՝ ի´ գործ, երիտասարդներ: Ոգևորիչ ելույթներից հետո սկսվեց տոնավաճառը: Բուհի հյուրընկալ նախասրահում կամավորական աշխատանքի առաջարկներով հանդես էին գալիս Կարմիր Խաչը, Համահայկական կամավորական միությունը, Ecolab Foundation-ը, FYCA-ն, EYP Armenia-ն, Future in our Hands-ը...թվով 13 կազմակերպություն: Նշենք, որ տոնավաճառին առանձին ներկայացված էր նաև ՀՊՏՀ-ն՝ իբրև ակադեմիական կենտրոն:

asue.am հետ զրույցում Անի Ղազարյանն ասաց, որ «Համախմբված երիտասարդական միություն» ՀԿ-ն նախաձեռնել է ավելի քան հարյուր միջոցառում, և սա հերթականն է, որի գերնպատակը կրկին մեկն է՝ խթանել երիտասարդության մասնագիտական և անձնական աճը, մոտիվացնել, կոչ անել, լինել ակտիվ, աջակցող, կամավոր:

asue.am-ը շրջել է տոնավաճառի մասնակից կազմակերպությունների տաղավարներով, զրուցել ՀԿ ներկայացուցիչների հետ: Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի EVS կամավորական ծրագրի խորհրդատու Արմենուհի Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց ՀԿ-ն երիտասարդներին հնարավորություն է տալիս եվրոպական երկրներում կամավորության ծրագրի մասնակցելու, հիշարժան ու օգտակար փորձ ձեռք բերելու:

Կարմիր Խաչի կամավորներն էլ ուսանողներին առաջարկում էին առողջապահական բնույթի աշխատանքներ կատարել. մեզ հետ զրույցում տաղավարի ժպտադեմ աղջիկներն ասացին, որ Կարմիր Խաչը պատրաստում է արագահաս կամավորներ, որոնք հաճախ մարդկային կյանքեր են փրկում, դժվար իրավիճակներում կանգնում մարդկանց կողքին:

Վստահ ենք, որ կամավորություն մարդասիրական երևույթի հետ կապվող խանդավառությունը, որ այսօր տիրում էր ՀՊՏՀ պատերի ներքո, բարի շարունակություն կունենա՝ մեկնարկը դառնալով տարաբնույթ հանրօգուտ աշխատանքների:

ՀՊՏՀ Լրատվություն և հասարակայնության հետ կապերի բաժին