3 տասնյակից ավելի ՀՊՏՀ դասախոսներ մասնակցեցին «Դասավանդման մեթոդաբանություն» վերապատրաստմանը և ստացան հավաստագրեր

27.02.2021
Դիտումների քանակ՝ 1403

Այսօր ավարտվեց փետրվարի 15-ից մեկնարկած պրոֆեսորադասախոսական կազմի «Դասավանդման մեթոդաբանություն» վերապատրաստման դասընթացը, որին մասնակցել է մասնագիտական ամբիոնների 33 դասախոս։

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կազմակերպած վերապատրաստումն իրականացրել է ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ Կարեն Սարգսյանը:

Դասընթացի մասնակից, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ռուզաննա Արմենակյանը asue.am-ի հետ զրույցում իր շնորհակալությունը փոխանցեց բուհի ղեկավարությանը՝ դասընթացի կազմակերպման, գիտելիքները թարմացնելու հնարավորություն ընձեռելու համար։

«Դասավանդման մեթոդաբանության արդիական մոտեցումներին, իհարկե, ծանոթ էինք, սակայն այս դասընթացի շնորհիվ, քննարկումների միջոցով մենք առավել լավ պատկերացում կազմեցինք դրանց մասին։Առհասարակ, դասավանդման մեթոդներ կիրառելիս մենք հաշվի ենք առնում տվյալ լսարանի առանձնահատկությունները, և մանկավարժները այս համատեքստում ներկայացրին իրենց մոտեցումները։ Ուրախալի էր, որ դասընթացում շեշտը դրված էր գործնական մասի վրա՝ բանավեճեր, թիմային աշխատանքներ, փորձի փոխանակում, ինչն էլ մեզ տվեց թարմ գիտելիք»,-ասաց Ռուզաննա Արմենակյանը։

Միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ֆրիդա Բահարյանը նշեց՝ դասընթացը բավականին հետաքրքիր էր, իսկ դասընթացավարը՝ փորձառու։ «Ծանոթացանք դասավանդման նոր մեթոդներին՝ առկա և հեռավար ուսուցման պայմաններում։ Վերապատրաստման ընթացքում կազմակերպվում էին խմբային աշխատանքներ, որտեղ տարբեր տեսակետեր էին հնչում, առողջ բանավեճ էր ծավալվում, դասախոսներից շատերն օրինակներ էին բերում սեփական դասավանդման փորձից, ինչը, զուգակցելով նոր մեթոդների հետ, շոշափելի արդյունք էր ապահովում լսարանի համար։ Ցանկալի է, որ նման դասընթացները լինեն շարունակական»,- մեզ հետ զրույցում նշեց Ֆրիդա Բահարյանը:

Դասընթացն ավարտվեց հավաստագրերի հանձնման հաճելի արարողությամբ։

Նշենք, որ պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման դասընթացները շարունակական են լինելու։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին