«Գրականությունը մարդկանց մասին խոսելու միջոց է»․ գրամշակութային ակումբի հյուրն էր գրող Գրիգը

01.03.2021
Դիտումների քանակ՝ 909

Այսօր ՀՊՏՀ լեզուների ամբիոնի  գրամշակութային նորաստեղծ ակումբի առաջին հանդիպումն էր՝ զրույց ժամանակակից արձակ գրող, ՀՀ նախագահի մրցանակակիր Գրիգի հետ։

Գարնան առաջին օրը համալսարանի ընթերցասերներին, մշակութասերներին ու գրականությամբ հետաքրքրված անձանց մեկտեղել էր գրքի, ժամանակակից գրողի կերպարի, ստեղծագործելու և ներշնչանքի թեմաներին առնչվող քննարկումը։

Ներկա էին լեզուների ամբիոնի վարիչ, բ․գ․դ․ Լուսինե Հարությունյանը, դասախոսներ։

Լեզուների ամբիոնի դասախոս Լիլիթ Հակոբյանը ողջունեց հանդիպման մասնակիցներին և, ներկայացնելով Գրիգին, նշեց, որ անհատի ձևավորման, զարգացման, նրա կերպարի ամբողջացման հարցում մեծապես կարևորվում է գրականության, գրողների հետ կապը, իսկ գրողի հետ զրույցը վարեց ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի, ակումբի «Հանդիպում ժամանակակից գրողի հետ» խմբի պատասխանատու Թագուհի Գևորգյանը։

Գրիգը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց հրավերի համար․ «Շնորհակալություն, գրականության հանդեպ այսպիսի հոգատար վերաբերմունքի համար»։

Գրող-ուսանող զրույցը ծավալվեց տարբեր թեմաների շուրջ․ ուսանողներին հետաքրքրում էր Գրիգի տպավորիչ կերպարը՝ էություն, կենսակերպ, ստեղծագործելու շարժառիթ, առաջին գրական փորձեր, բացասական կարծիքներին արձագանքելու ձև ու հաջողության հասնելու գրավական։ Գրիգն անկեղծորեն պատմեց, որ երբեք չի մտածել գրող դառնալու մասին, նա երազել է նկարիչ դառնալ, գրել է իր մտերիմների համար, և իր մեջ այդպես աճել է գրողը։ Ըստ նրա՝ գրականությունը բացառապես մարդկանց մասին խոսելու միջոց է, իսկ խոսելու և ներկայացնելու ոճը տվյալ անհատականության աշխարհընկալումն է։

Գրամշակութային ակումբի առաջին միջոցառումը ջերմ ու գարնանաշունչ էր, անկեղծ ու ոգեշնչող, զարգացնող ու ապրեցնող։

Հանդիպումները շարունակական են։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին