ՀՊՏՀ-ում մեկնարկել են «Արարատ» ծրագրի ամփոփիչ հանդիպումները
ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում այսօր մեկնարկել է Տեմպուսի «Արարատ» ծրագրի «Համալսարան-գործատու» հայկական համակարգող գործակալության «Համալսարան-աշխատաշուկա ՀՀ ազգային ցանցի» (ՀԱԱՑ) համաժողովը, որին մասնակցում են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի պետ, «Արարատ» ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը, բաժնի աշխատակիցները, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ծրագրի գործընկերները, շահառուները: Բացման խոսքով հանդես եկավ Ներսես Գևորգյանը՝ նշելով, որ ուրախ է ավարտուն փուլում ծրագրի գործընկերներին ՀՊՏՀ-ում հյուրընկալելու համար: Նրա խոսքով՝ այսօր թե' հայաստանյան, թե' եվրոպական բարձրագույն կրթությունն ունի մի շարք մարտահրավերներ, և «Արարատ» ծրագիրն ուղղված է հենց այդ մարտահրավերներին: Նշելով, որ եռամյա ծրագիրը նպատակաուղղված է համալսարան–գործատու կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը՝ Ներսես Գևորգյանը ընդգծեց, որ գերնպատակը կրթության բոլոր շահակիցների հետ աշխատելը, կրթության և աշխատաշուկայի կապն ապահովելն է, աշխատաշուկայի պահանջների հիման վրա կրթական բարեփոխումներ իրականացնելը: Այս համատեքստում կարևորվեց «Համալսարան-աշխատաշուկա ՀՀ ազգային ցանցի» ստեղծումը: Ծրագրի համակարգողը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց գործընկերներին:
Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց ՀԱԱՑ կառուցվածքը և կարգավորման շրջանակները, գործառնական փաստաթղթերը (կանոնակարգ, տեխնիկական առաջադրանք, ռազմավարական պլան), ապա պատասխանեց ներկաների հարցերին: Այնուհետև «Համալսարան-աշխատաշուկա կապերի ամրապնդման նպատակով տվյալների բազայի և գործիքակազմի մշակում» թեմայով ելույթ ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Էլլա Կարագուլյանը, ինչպես նաև հանդիպման այլ մասնակիցներ:
Նշենք, որ ծրագրի շրջանակներում հրապարակվել են ուսումնամեթոդական ուղեցույցներ, մի շարք մասնագիտությունների և առարկայական ոլորտների համար մշակվել են ուսումնառության վերջնարդյունքներ:
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը, ամփոփելով ծրագրի նպատակն ու արդյունքները, նշեց. ««Արարատ» ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել համալսարան-աշխատաշուկա կապը, որը թույլ կտա մշակել ժամանակի պահանջներին համապատասխան ուսումնական ծրագրեր, դրանք և ուսումնառության վերջնարդյունքները համապատասխանեցնել որակավորումների ազգային և եվրոպական շրջանակներին: Ծրագրի արդյունքում մեր համալսարանում, ինչպես նաև գործընկեր համալսարաններում ստեղծվել են աշխատաշուկայի հետ կապն ամրապնդող ստորաբաժանումներ, կրթություն-աշխատաշուկա ցանց, մշակվել է ցանցի աշխատանքին աջակցող գործիքակազմ և մեթոդաբանություն՝ գործատուների հետ համակարգված համագործակցելու համար»: Ներսես Գևորգյանի խոսքով՝ կատարված աշխատանքը հնարավորություն է ընձեռում տեղեկանալ գործատուների պահանջներին, դրանք արտացոլել ուսումնական ծրագրերում՝ վերջնարդյունքում նպաստելով կրթության որակի բարձրացմանը:
Հիշեցնենք, որ «Տեմպուսի» եռամյա «Արարատ» ծրագրի համակարգողը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն էր:
Վաղը՝ մարտի 31-ին, մեր համալսարանում ժամը 9.30-ից ողջ աշխատանքային օրվա ընթացքում կկայանա ծրագրի ամփոփիչ համաժողովը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին