Գիտխորհրդի որոշումները՝ ի նպաստ գիտաուսումնական գործընթացի բարելավման

Դիտումների քանակ՝ 1410

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ համալսարանի գիտական խորհրդի  հերթական նիստը՝ գիտխորհրդի նախագահ, ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի գլխավորությամբ:

Համաձայն օրակարգի՝ 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների և խնդիրների մասին զեկուցեց ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Պրոռեկտորը ներկայացրեց քննաշրջանին մասնակցած 7178 ուսանողի ուսման առաջադիմության պատկերն ըստ կրթական աստիճանների, կրթաձևերի, ֆակուլտետների և կուրսերի, ապա նաև նախորդ տարվա ցուցանիշների համադրմամբ: Բանախոսը գիտխորհրդի ուշադրությունը հրավիրեց նաև կարգապահական խնդիրների վրա:

Գիտխորհուրդը կողմ քվեարկեց ներկայացվող հարցի վերաբերյալ որոշման նախագծին, որը հանձնարարականներ է պարունակում՝ ուղղված ռեկտորատին, ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին: Հարցի առնչությամբ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ որոշման նախագիծը պետք է քննարկվի և որոշումները կյանքի կոչվեն ամենայն հետևողականությամբ:

Հաջորդիվ դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մասին զեկույցում մրցութային հանձնաժողովի նախագահ Սուրեն Գևորգյանը ներկայացրեց կոմերցիայի և բիզնեսի կազմակերպման ամբիոնի ասիստենտներ, տնտեսագիտության թեկնածուներ Աննա Բաբաջանյանի և Արման Հովհաննիսյանի գիտական ու մանկավարժական գործունեությունը: Գիտական խորհուրդը փակ, գաղտնի քվեարկությամբ և ձայների բացարձակ մեծամասնությամբ որոշեց դիմել ԲՈՀ՝ առաջադրված թեկնածուներին գիտական կոչում շնորհելու հայցով:

Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) խորհրդի հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին ներկայացրեց ուսանողական գիտական ընկերության խորհրդի նախագահ Հարություն Արզումանյանը՝ մասնավորապես կանգ առնելով գալիք նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների վրա և նշելով, որ ՈՒԳԸ կանոնադրությունը ենթակա է փոփոխության:  Ընկերության աշխատանքների բարելավման, այդ համատեքստում խթանման ու խրախուսման նոր մեթոդների կիրառման առաջարկություններով հանդես եկան պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Պարույր Քալանթարյանը, Սևակ Խաչատրյանը, պրոֆեսորներ Արամ Սարգսյանը, Սուրեն Գևորգյանը, Սամսոն Դավոյանը,  ուսումնակազմակերպական բաժնի պետ Արմեն Կարախանյանը: Գիտխորհուրդը ՈՒԳԸ աշխատանքները գնահատեց բավարար և ընդունված որոշումների կատարման վերահսկողությունը վերապահեց ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանին:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը գիտխորհրդին ներկայացրեց դոկտորական, թեկնածուական ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու և թեկնածուական ատենախոսության մեկ թեմայի վերահաստատման հարցը: Հանգամանալից քննարկումից ու ճշգրտումներից հետո գիտխորհուրդը հաստատեց դրանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին