Ինչպես արագ ընթերցել և յուրացնել. հմտությունները զարգացնում են ուսանողները

Դիտումների քանակ՝ 1927

Մեր ուսանողների կողմից կազմակերպվող ուսուցողական միջոցառումների առանցքում այն թեմաներն են, որոնք առավել շատ են առնչվում ուսումնառությանը: Հերթական ուսուցողական սեմինարը «Ինչպես արագ կարդալ» խորագրով էր: ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ այսօր տասնյակ ուսանողներ բարելավեցին իրենց արագ և արդյունավետ կարդալու հմտությունները: Բանախոսեց մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Մարինե Ալեքսանյանը:

Սեմինարի սկզբում անցկացվեց խաղ, որի արդյունքում որոշվեց ուսանողների կարդալու միջին արագությունը՝ 1 րոպեում կարդացած բառերի քանակը: Ըստ այդմ՝ որոշվեց նրանց ընթերցող տեսակը, ինչպես օրինակ՝ դանդաղ ընթերցող, լավ ընթերցող, արագ ընթերցող: Բանախոսը ներկայացրեց ուշագրավ փաստեր՝ աշխարհահռչակ մտավորականների,  գրողների, քաղաքական գործիչների բացառիկ  ընթերցող տեսակի վերաբերյալ. Նապոլեոն Բոնապարտը պոպեում կարդում էր 2000 բառ, Մաքսիմ Գորկին՝ 4000 բառ, Թոմաս Էդիսոնը 1 հայացքով կարդում և ընկալում էր մի քանի տող, իսկ Բալզակը 2000 էջանոց վեպը կարդում էր 30 րոպեում:

Հաջորդիվ թվարկվեցին  այն քայլերը, որոնք ուղղորդում են արագ կարդալու, միաժամանակ, կարդացածը ընկալելու, հիշելու: Սեմինարը հարցուպատասխանի ձևաչափով էր և հագեցած գործնական խաղերով:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ոսկերչյանը՝ թեման ընտրվել էր ուսանողուհի Մարինե Ալեքսանյանի առաջարկով և նա մեծ աշխատանք է կատարել սեմինարի պատշաճ կազմակերպման, նյութի համակողմանի ներկայացման համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին