Բիզնեսը սկսվում է վաճառքից. սեմինար՝ հմուտ գործարարի բանախոսությամբ

Դիտումների քանակ՝ 1337

ՀՊՏՀ ՈՒԽ ուսումնագիտական հանձնաժողովի հերթական նախաձեռնության շրջանակներում այսօր մեր ուսանողները մասնակից դարձան բիզնեսի մասին գիտելիքները հարստացնող  «Ինչպես գեներացնել բիզնես գաղափարները» խորագրով սեմինարի: Մեր համալսարանում հյուրընկալվել  էր  «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր Գրիգոր Առաքելյանը, ով վարեց սեմինարը: Վերջինս, ի դեպ, ՀՊՏՀ շրջանավարտ է (2000-2005թթ.):

Շուրջ երկու ժամ տևած բանախոսության ընթացքում Գրիգոր Առաքելյանը խոսեց ակտիվների օգտագործման ձևերի, վաճառքի հմտությունների, սեփական արտադրանքը ճիշտ և գրավիչ ներկայացնելու, բիզնեսում մշտապես ներդրումներ անելու, աշխատելու, մրցակիցներին դիմակայելու և ի վերջո՝ բիզնեսում հաջողության հասնելու մասին:

Հաջողակ գործարարի դիտանկյունից Գրիքոր Առաքելյանը ուսանողներին փոխանցեց այն գիտելիքները, որոնք օգնում են շահավետ բիզնես կառուցել: Մանրամասն քննարկվեցին  այն կետերը, որոնք բիզնեսում աստիճանի նման դեպի վեր են ուղղորդում:

Գրիգոր Առաքելյանը պատրաստակամություն հայտնեց մշտապես խորհուրդներով օգնել այն ուսանողներին, ովքեր ցանկանում են իրագործել իրենց բիզնես-գաղափարները:

Բանախոսությանը ներկա էին նախապես գրանցված հարյուրավոր ուսանողներ, ովքեր մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում հյուրին, ծափահարություններով ողջունում նրա ներկայացրած հետաքրքիր մտքերը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին