ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորանքը Գրիգոր Կիրակոսյանի հոբելյանի առթիվ

Դիտումների քանակ՝ 1362

ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդիպել և շնորհավորել է 1993-2006 թվականներին ՀՊՏՀ ռեկտոր, 2012-ից ցայսօր ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Եղիշի Կիրակոսյանին՝ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ: Իր հերթին Գրիգոր Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել համալսարանի ղեկավարին՝ ցուցաբերած պատշաճ վերաբերմունքի համար:

Ստորև ներկայացնում ենք ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի շնորհավորական ուղերձը՝ ուղղված Գրիգոր Կիրակոսյանին:

Հարգելի Գրիգոր Եղիշի

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատի,  արհկոմիտեի, պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակիցների, ուսանողների և անձամբ իմ անունից ընդունեք ջերմ շնորհավորանքներ՝ Ձեր ծննդյան 80-ամյակի առիթով:

Դուք հայ նշանավոր մտավորականներից մեկն եք, ով որպես մեծավաստակ գիտնական, գիտության ու աշխատանքի կազմակերպիչ, մանկավարժ ու գործընկեր, կերտել է մեր սիրելի համալսարանի բարի համբավը, անխոնջ աշխատանքով ու նվիրումով ծառայել նրա զարգացմանը, կայացմանը:

Ձեր անբասիր գիտամանակավարժական աշխատանքային կենսագրությունը սկիզբ է առել դեռևս հինգ տասնամյակ առաջ` 1965 թվականին, երբ ավարտելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը աշխատանքի եք անցել Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումում՝ որպես քաղաքատնտեսության դասախոս, այնուհետև եղել եք ասպիրանտ, դասախոս, գիտնական-հետազոտող: 1971 թվականին «Աշխատուժի վերարտադրության նյութական ծախսերի փոխհատուցման տնտեսական օրենքը» թեմայով պաշտպանել եք թեկնածուական ատենախոսություն և ստացել դոցենտի կոչում:

1975 թվականից՝ մեր համալսարանի կազմավորման առաջին իսկ տարվանից, Դուք քաղաքատնտեսության ամբիոնի դոցենտ էիք, դասավանդում էիք՝ օրեցօր նվաճելով ուսանողների ու գործընկերների սերն ու համակրանքը և իսկական գիտնականին հատուկ հետևողականությամբ շարունակում պրպտումները աշխատուժի վերարտադրության, նյութական ծախսերի փոխհատուցման հիմնախնդիրների շուրջ: Ձեր գիտական մտքի ու երկարամյա աշխատասիրության նոր արգասիքը 1990 թվականին Ձեզ բերում է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ու պրոֆեսորի կոչում: Սակայն այս ձեռքբերումներով Դուք չեք բավարարվում, այլ շարունակում եք աշխատել ու ստեղծագործել՝ հեղինակելով  մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ, գիտական հոդվածներ ու ուսումնամեթոդական աշխատանքներ: 1989-1991 թվականներին քաղաքատնտեսության ամբիոնի վարիչն էիք, 1991-1993-ին՝ բուհի  ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը: Անդադրում աշխատանքի, հետևողականության ու որոնումների ստեղծագործ մի ճանապարհ, որը պետք է հանգեցներ ավելի բարձր վստահության ու պատասխանատվության:

1993 թվականին՝ մեր երկրի տնտեսության, կրթության ու գիտության համար ճգնաժամային ու ծանր տարում, Դուք ստանձնում եք Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնը ու տասներեք տարի շարունակ մանկավարժական լարված աշխատանքը համատեղում վարչականի հետ՝ միաժամանակ ստեղծելով խոր և արժեքավոր հետազոտություններ, ճանապարհ հարթելով երիտասարդ ու կարող ուժերի համար, մնալով միշտ մարդկային ու մարդամոտ: Ահա այս տարիներին է, որ շատերի համար ճանաչելի են դառնում կառավարչի ու կազմակերպչի Ձեր ձիրքը, անաչառ սկզբունքայնությունը, որոնցով Դուք բարենորոգում էիք կրթահամակարգը՝ կատարելով բովանդակային և կառուցվածքային արմատական վերափոխումներ, զարկ տալով միջազգային կապերին, ստեղծելով նոր արդիական մասնագիտություններ, բարելավելով աշխատակիցների սոցիալական վիճակը: 1996 թվականին համալսարանի բոլոր ֆակուլտետները, բացի մեկից, Ձեր ջանքերով համախմբվում են մեկ համալիրում, ստեղծվում է հարուստ նյութատեխնիկական բազա, այն տարիների համար արդիական ենթակառուցվածքներ և առավել հարմարավետ ու արդյունավետ է դառնում ուսումնական հաստատության կենսագործունեությունը:

Տնտեսագիտական բարձրորակ կադրերի, գիտական հերթափոխի պատրաստման գործում Ձեր ներդրումը նույնպես անգնահատելի է. Ձեր գիտական ղեկավարությամբ տնտեսագիտության թեկնածուի աստիճան են ստացել մի քանի տասնյակ ասպիրանտներ ու հայցորդներ:

Հարգելի հոբելյար, չեմ կարող գոհունակությամբ չշեշտել Ձեր աշխատանքը նաև ՀՊՏՀ ռեկտորի խորհրդականի պաշտոնում, որ կատարում եք  պատրաստակամությամբ ու բարեհաճությամբª մեր համալսարանի նոր օրերի հաջողություններին ի սպաս ծառայեցնելով Ձեր հարուստ գիտելիքները, փորձն ու հմտությունները:

Հարգելի Գրիգոր Եղիշի, մենք հպարտությամբ ենք նշում Ձեր՝ արժանավոր գիտնականի, մանկավարժի, կրթության նվիրյալի, սկզբուն¬քային քաղաքացու հոբելյանը ու մաղթում ենք Ձեզ առողջություն, եռանդ ու տոկունություն:

Հարգանքով`

ԿՈՐՅՈՒՆ ԱԹՈՅԱՆ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր,

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր