Օրվա նվերը՝ գիրք. խաղ-մրցույթ ՀՊՏՀ բակում

Դիտումների քանակ՝ 1498

Գիրք նվիրելու օրվա առիթով հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ՀՊՏՀ բակում կազմակերպել էին խաղ-մրցույթ, որին մասնակցում էին  տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Հնչում էին հարցեր գրականությունից և երկու ճիշտ պատասխանի դեպքում ուսանողը ստանում էր գիրք:

Մեզ հետ զրույցում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Վիգեն Հարությունյանն ասաց, որ միջոցառումը  նպատակ ուներ ուսանողների շրջանում խթանել ընթերցանությունը:  «Այսօր, կարծես, ընթերցանության հանդեպ սերը նվազել է: Մենք ցանկացանք գիրք նվիրելով ուսանողներին կոչ անել ընթերցանության, արժևորել գրքի դերը»,-ասաց ՈւԽ նախագահը և հավելեց, որ այսօր նվիրել են և' մասնագիտական, և' գեղարվեստական գրքեր:

Քանի որ գիրք նվիրելու օրը կապվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ, խաղ-մրցույթում գերակշռում էին Թումանյանի կենսագրությանը և նրա ստեղծագործություններին վերաբերող հարցերը:

Միջոցառումը մեծ հետաքրքրության էր արժանացել, խաղ-մրցույթում իրենց գիտելիքները ստուգեցին և մրցանակներ ստացան տասնյակ ուսանողներ, ովքեր կարողացան պատասխանել գրեթե բոլոր հարցերին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին