Օրվա նվերը՝ գիրք. խաղ-մրցույթ ՀՊՏՀ բակում
Գիրք նվիրելու օրվա առիթով հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ՀՊՏՀ բակում կազմակերպել էին խաղ-մրցույթ, որին մասնակցում էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Հնչում էին հարցեր գրականությունից և երկու ճիշտ պատասխանի դեպքում ուսանողը ստանում էր գիրք:
Մեզ հետ զրույցում հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Վիգեն Հարությունյանն ասաց, որ միջոցառումը նպատակ ուներ ուսանողների շրջանում խթանել ընթերցանությունը: «Այսօր, կարծես, ընթերցանության հանդեպ սերը նվազել է: Մենք ցանկացանք գիրք նվիրելով ուսանողներին կոչ անել ընթերցանության, արժևորել գրքի դերը»,-ասաց ՈւԽ նախագահը և հավելեց, որ այսօր նվիրել են և' մասնագիտական, և' գեղարվեստական գրքեր:
Քանի որ գիրք նվիրելու օրը կապվում է Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ, խաղ-մրցույթում գերակշռում էին Թումանյանի կենսագրությանը և նրա ստեղծագործություններին վերաբերող հարցերը:
Միջոցառումը մեծ հետաքրքրության էր արժանացել, խաղ-մրցույթում իրենց գիտելիքները ստուգեցին և մրցանակներ ստացան տասնյակ ուսանողներ, ովքեր կարողացան պատասխանել գրեթե բոլոր հարցերին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին