ՀՊՏՀ-ն լողի առաջնությունում նվաճեց ոսկե և բրոնզե մեդալներ

Դիտումների քանակ՝ 1756

ՀՀ հանրապետական ուսանողական մարզական 16-րդ խաղերի շրջանակներում հոկտեմբերի 3-ին անցկացվել են  լողի անհատական մրցումներ, և տղաների առաջնությունում ՀՊՏՀ ուսանողներ Վլադիմիր Մամիկոնյանը  (50մ, ազատ լողաոճ)  և Սևակ Վարդանյանը (50մ, թիկնալող) նվաճել են,  համապատասխանաբար, ոսկե և բրոնզե մեդալներ: Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրիելյանը, ով նաև  ՀՀ հանրապետական ուսանողական մարզական խաղերի կազմակերպման պատասխանատուն է, ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ, ՀՊՏՀ լողի բաժանմունքի մարզիչը:

Լողի առաջնությանը մասնակցել են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներ, ընդհանուր՝ 60 լողորդ-լողորդուհիներ:

Ուսանող-մարզիկներն ուժերը չափել են 50մ մրցատարածության 4 լողաոճերում՝ ազատ, բրաս, թիկնալող, դելֆին: Հաղթողները պարգևատրվել են  մեդալներով, համապատասխան կարգերի պատվոգրերով և գավաթներով, մրցանակները հանձնել են ՀՀ ուսանողական մարզական 16-րդ խաղերի գլխավոր մրցավար Վահագն Հարությունյանը  և լողի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:

Նշենք, որ  ՀՊՏՀ ուսանողները վստահորեն շարունակում են մարզական հաղթարշավը. ուսանողական մարզական 16-րդ խաղերի աշնանային փուլում մինչև այժմ անցկացված  երկու՝ հրաձգություն և լող մարզաձևերի թիմային և անհատական առաջնություններում  էլ  ունենք  մրցանակներ (ոսկե և բրոնզե մեդալներ): Այսօր կմեկնարկի  աղջիկների վոլեյբոլի առաջնությունը:

Շնորհավորում ենք մեր ուսանողներին, մաղթում նոր հաղթանակներ:

Լուսանկարը տրամադրել է Հովհաննես Գաբրիելյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին