Մարդկային ռեսուրսների կառավարում. գիտաժողով «PEOPLE» ծրագրի շրջանակներում

Դիտումների քանակ՝ 2364

2015 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Տեմպուսի «Մարդկային գործոնի միջոցով կրթական հաստատությունների առաջխաղացում» («PEOPLE») ծրագրի շրջանակներում Ալմա Աթայի (Ղազախստան) Տ. Ռիսկուլովի անվան Նոր տնտեսագիտական համալսարանում կայացել է գիտապրակտիկ գիտաժողով՝ «Բարձրագույն կրթության համակարգում մարդկային ռեսուրսների կառավարում: Փորձ և զարգացման հեռանկարներ» թեմայով: Գիտաժողովին մասնակցել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից ծրագրի համակարգող, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը և ծրագրի հետազոտող, անձնակազմի կառավարման բաժնի պետ Գոհար Սարգսյանը:

Համալսարանի կողմից զեկուցմամբ հանդես է եկել Գոհար Սարգսյանը՝ «ՀՊՏՀ-ում կադրերի համալրման քաղաքականությունը: Առաջադեմ փորձ՝ փորձագետների ընտրություն» թեմայով:

«Իմ զեկուցումն արծարծում էր մեր համալսարանում կադրերի համալրման հենքը՝ այն կարևոր հիմնադրույթը, որ կադրային սերնդափոխություն ապահովելու համար նախապատվությունը տալիս ենք մեր լավագույն մագիստրոսներին: Անդրադարձ կատարվեց  նաև մարդկային ռեսուրսների քաղաքականության և ռազմավարության մշակման գործընթացին, որին օժանդակելու և արդյունավետությունն ապահովելու համար ձևավորվել է փորձագիտական խումբ»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց Գոհար Սարգսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին