Տնտեսագիտական համալսարանում էր «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը

Դիտումների քանակ՝ 1356

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր մեր բուհում հյուրընկալվել էին «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» ՓԲԸ (ապրանքանիշը` «Beeline») գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և ընկերության աշխատակիցներ: Հյուրերին և ուսանողներին համախմբել էր սեմինարը, որի ընթացքում քննարկվեց կարիերայում հաջողության հասնելու բանաձևը:

Արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Արուսյակ Խուդավերդյանը, ներկայացնելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար, ապա խոսքը փոխանցեց սեմինարի բանախոս Անդրեյ Պյատախինին: Իր հերթին, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, բանախոսը նշեց, որ ուրախ է ուսանողներին իր փորձը փոխանցելու հնարավորության համար: Ինչպիսի՞  անձնային հատկանիշներ են պետք, ո՞ր հանգամանքներն են մարդուն տանում դեպի հաջողությունը. նմանատիպ մի շարք հարցեր սեփական օրինակով վերլուծելով՝ բանախոսը ցույց տվեց, որ կարիերայում հաջողության հասնելու նախապայմաններից են անընդհատ սովորելը, ճիշտ մասնագիտություն ընտրելը, քրտնաջան աշխատելը, նպատակասլացությունը: Հաջողակ կարիերա կերտած մարդու դիտանկյունից ուսանողներին ներկայացվեցին գիտելիքներ ու հմտություններ, որոնք էլ հաջողության հասնելու գրավականն են:

Սեմինարի երկրորդ հատվածում  մանրամասներ ներկայացվեցին վերոնշյալ ընկերության գործակալական դպրոցի վերաբերյալ. խոսվեց  ուսանողների համար փորձառության կազմակերպման մասին, որի ընթացքում նրանք ձեռք են բերում վաճառքի հմտություններ, աշխատանքային փորձ, նաև՝ ստանում ընկերությունում աշխատանքի անցնելու հնարավորություն:

Հանդիպման ավարտին ուսանողները հյուրին ուղղեցին իրենց հարցերը:

Նշենք, որ սեմինարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ՀՊՏՀ-ականների շրջանում, նիստերի սրահը լեփ-լեցուն էր:

Մեզ հետ զրույցում ֆինանսական ֆակուլտետի մաքսային գործ մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Էմմա Գրիգորյանը նշեց, որ իր համար կարևոր էր սեմինարին մասնակցությունը, քանի որ բացահայտեց աշխատանքային փորձ ձեռք բերելու նոր ձևեր և հասկացավ, թե ինչն է կարևոր հաջող կարիերա կերտելու ճանապարհին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին