Տարեցտարի բուհում մեծանում է վոլեյբոլի հանդեպ հետաքրքրությունը. առաջնության հաղթողները կառավարման, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետներն են

Դիտումների քանակ՝ 919

«Ուսանողական գարուն-2015» փառատոնի շրջանակում ՀՊՏՀ ուսանող-մարզիկներն իրենց ուժերը չափեցին ևս մեկ՝ վոլեյբոլ մարզաձևում: Վոլեյբոլի առաջնությունն ընթացավ երկու մասով՝ աղջիկների և տղաների թիմերի մրցակցությամբ: Մայիսի 15-ին կայացել են վերջին խաղերը, և մրցանակային տեղերը բաշխվել են այսպես. աղջիկների առաջնությունում առաջատարը կառավարման ֆակուլտետն է, 2-րդ և 3-րդ տեղերում համապատասխանաբար հաշվապահական հաշվառման և աուդիտի, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետներն են: Տղաների առաջնությունում 1-ին հորիզոնականում է ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը, 2-րդ և 3-րդ հորիզոնականներում՝ կառավարման ու հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցեց վոլեյբոլի առաջնության մրցավար, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ Գագիկ Վարդանյանի հետ, ով  ուրախությամբ ընդգծեց, որ մեր բուհում տարեցտարի մեծանում է վոլեյբոլի հանդեպ հետաքրքրությունը:

«Առաջնությունն անցկացվեց բավականին բարձր մակարդակով: Որպես մրցավար՝ ցանկանում եմ այս առաջնությունից առանձնացնել 3 կարևոր հանգամանք. այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, մեծ էր հեռակա կրթաձևում սովորող  ուսանողների մասնակցությունը, ավելի մեծ թվով ուսանողներ էին մարզադահլիճում  հետևում և ոգևորում մասնակիցներին և, ընդհանուր առմամբ, բարձր էր խաղային որակը, մրցակցությունը»,-ընդգծեց Գագիկ Վարդանյանը:

Մարզիչը հավելեց նաև, որ ՀՊՏՀ վոլեյբոլի աղջիկների հավաքականի անդամների մեծ մասը կառավարման ֆակուլտետից են, ինչն էլ պայմանավորեց աղջիկների առաջնությունում այս ֆակուլտետի հաղթանակը:

Նշենք, որ այսօրվանից մեկնարկում է բասկետբոլի առաջնությունը, որը կտևի մինչև մայիսի 22-ը:

Շնորհավորում ենք հաղթող ֆակուլտետներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին