Տեղի ունեցավ «Կրթության մոտիվացիա» գիտաուսումնական խմբի շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 1437

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր կայացավ «Կրթության մոտիվացիա» գիտաուսումնական խմբի շնորհանդեսը՝ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանի, դասախոսների, ուսանողների մասնակցությամբ: Սույն գիտաուսումնական խմբի ղեկավարը կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանն է, խմբի անդամներն են՝ տ.գ.թ., դոցենտներ  Լիլիթ Դադայան, Մարինե Նիկողոսյան, մագիստրանտներ Լուսինե Հովհաննիսյան, Ասյա Պետրոսյան, Անի Հովհաննիսյան: Գիտաուսումնական խմբի աշխատության թեման է՝ «Մոտիվացիայի բարձրացման հիմնախնդիրները բարձրագույն կրթության ոլորտում»:

Բացման խոսքով հանդես եկավ Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ թվով 7-րդ գիտաուսումնական խմբի շնորհանդեսն է և, ըստ էության, այս շնորհանդեսները ներածական բնույթի են: Պրոռեկտորը շեշտեց, որ գալիք տարի արդեն գիտաուսումնական խմբերը կներկայացնեն հետազոտության շոշափելի արդյունքներ:

Մերի Բադալյանը նախ հիմնավորեց թեմայի ընտրությունը՝  մեջբերելով պրոռեկտոր  Գագիկ Վարդանյանի «Գիտելիքահենք տնտեսություն» գրքից մի հատված, ներկայացրեց խմբի անդամներին, նրանց միջև աշխատանքի բաժանումը, հետազոտության նպատակները, խնդիրները, օբյեկտը, ակնկալվող արդյունքը: Այնուհետև դոցենտը խոսեց պրոֆեսորադասախոսական կազմի աշխատանքի արդյունավետության վրա ազդող մոտիվների, դրանց դասակարգման (առաջատար և միջանկյալ) մասին:

Հաջորդիվ զեկուցմամբ հանդես եկավ դոցենտ Մարինե Նիկողոսյանը՝ անդրադառնալով հետազոտության ընթացքին, կատարված աշխատանքին, ներկայացրեց նաև ընտրանքը, դրա ծավալի հաշվարկը: Մագիստրանտ Լուսինե Հովհաննիսյանի զեկուցումը նվիրված էր ՀՀ կրթական ոլորտին, մասնավորապես բարձրագույն կրթական համակարգին: Այս համատեքստում խոսվեց ՀՀ ուսումնական հաստատությունների, բուհերի, ՀՀ-ում պրոֆեսորադասախոսական անձնակազմի կառուցվածքի, նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի և կառուցվածքի, աշխատանքի վարձատրության դինամիկայի (2007-2013 թթ.) և այլնի մասին: Վերջին զեկուցումը մագիստրանտ Ասյա Պետրոսյանինն էր. նա անդրադարձավ բուհերի ֆինանասավորման աղբյուրներին, ՀՀ պետբյուջեից կրթական ոլորտի հատկացումներին (2011-2013 թթ.), ՀՊՏՀ ֆինանսական մուտքերի կազմին  ու կառուցվածքին (2011-2013 թթ.):

Ամփոփելով սեմինարը՝ Մերի Բադալյանը նշեց, որ իրենք փորձեցին ամփոփ ներկայացնել իրենց խմբի առջև դրած հիմնական խնդիրները, իսկ հետազոտության հիմնական հատվածը կներկայացվի խմբի հաջորդ շնորհանդեսի ընթացքում: Խմբի ղեկավարը հավելեց նաև, որ երիտասարդ դասախոսների մոտիվացման հիմնախնդիրները ևս իրենց ուսումնասիրության առարկան են, հետազոտության այդ հատվածը ևս կներկայացվի առաջիկայում:

Ներկաների կողմից հնչեցին հարցեր, նաև՝ նկատառումներ:

Հիշեցնենք, որ վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 15.00-ին կկայանա գիտաուսումնական խմբերի այս տարվա վերջին սեմինարը. ելույթ կունենա «Գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրություն» գիտաուսումնական խումբը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին