Կայացավ «Ուսանողների (սպառողների) բավարարվածություն» գիտաուսումնական խմբի շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 1388

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր  կայացավ «Ուսանողների (սպառողների) բավարարվածություն» գիտաուսումնական խմբի շնորհանդեսը, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, գիտաուսումնական խմբերի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Սույն գիտաուսումնական խմբի ղեկավարը համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն է, խմբի անդամներն են ՝ մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., Նարեկ Ղուկասյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Սուսաննա Չալաբյանը, ասպիրանտ Լուսինե Կիրակոսյանը, մագիստրանտ Միլենա Մուշեղյանը: Գիտաուսումնական խումբը հետազոտում է «Սպառողների (ուսանողների) բավարարվածության հիմնախնդիրները ՀՀ բարձրագույն կրթական ծառայությունների շուկայում» թեման:

Պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ գիտաուսումնական խմբերի նախորդ սեմինարները դրական տպավորություն են թողել, ոգևորությունն ու հետազոտողների ցուցաբերած մոտեցումները վկայում են , որ այս նոր նախագիծը հաջողված է: Անդրադառնալով «Ուսանողների (սպառողների) բավարարվածություն» գիտաուսումնական խմբին՝ պրոռեկտորը նշեց, որ հետազոտության արդյունքում ակնկալվում է այնպիսի արդյունք ունենալ, որը կարող է նպաստել այսօր իրականացվող կրթական բարեփոխումներին: Գիտաուսումնական խմբի ղեկավար, ռեկտոր Կորյուն Աթոյանը կարծիք հայտնեց, որ հետազոտությունը բավականին հետաքրքիր է և խոսքը փոխանցեց Նարեկ Ղուկասյանին:

Դոցենտը նախ հանդես եկավ ներածական խոսքով՝ անդրադառնալով բարձրագույն կրթական ծառայությունների շուկայում առկա մրցակցությանը, որը կապված է սպառողների ծավալի փոքրացման հետ, ապա ներկայացրեց գիտաուսումնական խմբի կազմը, հետազոտության օբյեկտը, նպատակներն ու խնդիրները, գործիքները, դաշտը, ընտրանքը, ընտրանքի հաշվման բանաձևը և այլն: Ինչպես  նշեց Նարեկ Ղուկասյանը՝ խումբը թեման ընտրելուց հետո խնդրանքով  դիմել է ռեկտոր Կորյուն Աթոյանին՝ խմբի ղեկավարությունը ստանձնելու խնդրանքով, և ռեկտորը համաձայնել է:

Հաջորդիվ հանդես եկավ Սուսաննա Չալաբյանը՝ հավաստիացնելով, որ ուսանողների հետ անմիջական շփումը շատ հետաքրքիր նյութ է տալիս: Օտար լեզուների ամբիոնի ղեկավարը նշեց, որ ուսանողների շրջանում խումբը  հարցումներ  է կատարել՝ փորձելով պարզել,օրինակ,  թե նրանցից քանիսը իր ընկերներին և մտերիմներին խորհուրդ կտա  բուհական կրթություն ստանալ ՀՊՏՀ-ում: Սուսաննա Չալաբյանը ներկայացրեց հարցումների ուշագրավ արդյունքներ:

Հարցադրումներով  և նկատառումներով հանդես եկան ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը, գիտության բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը:

Կորյուն Աթոյանն ու Գագիկ Վարդանյանը ներկայացրեցին թեմային առնչվող իրենց դիտարկումները: Պրոռեկտորն ասաց, որ խումբը ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում և հույս հայտնեց, որ հետազոտության արդյունքներն արժեքավոր կլինեն:

Ամփոփելով շնորհանդեսը՝ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ խմբի թեման հետաքրքրական է նրանով, որ ունի կիրառական նշանակություն: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ուսանողների բավարարվածության մասին լիարժեք պատկեր ստանալու համար հարկավոր է համեմատություններ անցկացնել նաև այլ բուհերի նույն մասնագիտությունների ուսանողների շրջանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին