ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը դարձել է սեղանի թենիսի մրցաշարի ոսկե մեդալակիր

Դիտումների քանակ՝ 1358

Տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի ուսումնական վարպետ Մեսրոպ Ղուկասյանը դեկտեմբերի 12-14-ը «Սպարտակ» մարզական համալիրում անցկացված սեղանի թենիսի Հայաստանի բաց մրցաշարի տղամարդկանց պայքարում ոսկե մեդալ է նվաճել:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Մեսրոպ Ղուկասյանը փոխանցեց, որ ընդհանուր առմամբ կայացել է 7 խաղ, առավել լարված են եղել կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերը:

«Հետաքրքիր մրցաշար էր: Առհասարակ, ինձ համար կարևոր է յուրաքանչյուր մրցաշար, յուրաքանչյուր խաղ, և եթե մասնակցում ես, ուրեմն պետք է մտածես հաղթանակի մասին»,-ասաց ոսկե մեդալակիրը՝ նշելով, որ մրցաշարում երկրորդ  և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են մարզիկներ  Ռուբեն Գայբակյանը և Հարություն Հարությունյանը:

Մեսրոպ Ղուկասյանը պատրաստակամ է սեղանի թենիսի լավագույն փորձը ՀՊՏՀ-ում ներդնելու և ընդգծում է, որ ուսանող-ուսանողուհիների շրջանում մեծ է մարզաձևի նկատմամբ հետաքրքրվածությունը, մարզական խմբակում ներգրավված են ուսանողներ տարբեր կուրսերից:

Հավելենք, որ մրցաշարը  հովանավորվել է «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի կողմից: Մեսրոպ Ղուկասյանն արժանացել է նաև դրամական պարգևի: Մեսրոպ Ղուկասյանի մարզական նվաճումներին անդրադառնալու առիթ ունեցել էինք նաև  այս տարեսկզբին, երբ նա 5-րդ անգամ սեղանի թենիսի անհատական առաջնությունում  նվաճել էր Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Տվյալ հրապարակմանը ծանոթացեք հետևյալ հղումով՝ http://goo.gl/EWaEg9:

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը,  մաղթում նորանոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին