Կայացավ «Ազգային ինովացիոն համակարգ» գիտաուսումնական խմբի շնորհանդեսը

Դիտումների քանակ՝ 1262

Նիստերի սրահում այսօր ՀՊՏՀ գիտաուսումնական «Ազգային ինովացիոն համակարգ» խմբի շնորհանդեսն էր, որին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Գագիկ Վարդանյանը հանդես եկավ բացման խոսքով՝ շեշտելով, որ «Ազգային ինովացիոն համակարգ» թեման արդիական է, այն հետազոտելու  համար ցանկալի է ներգրավել մեծաթիվ ուսանողների: Պրոռեկտորը շեշտեց, որ ծանոթացել է գիտաուսումնական խմբերի կայք-էջերին և «Ազգային ինովացիոն համակարգ» խումբը լավագույններից է:

Նշենք, որ  սույն գիտաուսումնական խմբի աշխատության թեման է «Ազգային ինովացիոն  համակարգի  ձևավորումը որպես տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն»: Գիտաուսումնական խմբի ղեկավարը ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ատոմ Մարգարյանն է, անդամներն են մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ծովինար Կարապետյանը, ասպիրանտներ Տաթև Խաչատուրյանը, Սիփան Ավետիսյանը, մագիստրանտներ Անի Հունանյանը և Անի Ավետիսյանը:

Ատոմ Մարգարյանը համապարփակ ներկայացրեց իր խմբի գործունեությունը, աշխատանքը, հետազոտության շրջանակներում կատարված գործնական այցերն ու քննարկումները, անելիքները:

Զեկուցումներով հաջորդաբար հանդես եկան Տաթև Խաչատրյանը, Սիփան Ավետիսյանը, Անի Հունանյանը, Անի Ավետիսյանը, Ատոմ Մարգարյանը: Առաջին բանախոսն անդրադարձավ ինովացիոն համակարգի ինստիտուցիոնալ ապահովման հիմնախնդիրներին, երկրորդը՝  ազգային ինովացիոն համակարգի զարգացման միջազգային փորձին և ՀՀ-ում դրա տեղայնացման առանձնահատկություններին: Երկու մագիստրանտ- զեկուցողները համապատասխանաբար խոսեցին ՀՀ-ում գիտելիքահենք տնտեսության զարգացման հիմնախնդիրների  և ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծման և արտահանման հիմնախնդիրների մասին:

Ատոմ Մարգարյանը ներկայացրեց «Ազգային ինովացիոն համակարգ. ձևավորման և զարգացման մեթոդաբանական հիմնահարցեր» թեմայով զեկուցում:

Զեկուցումների ավարտից հետո Գագիկ Վարդանյանը հանդես եկավ իր դիտարկումներով և նկատառումներով, ծավալվեց քննարկում՝ հարցուպատասխանի տեսքով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին