Տրվեց ՀՊՏՀ գիտաուսումնական խմբերի գիտական սեմինարների մեկնարկը. հանդես եկավ «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» խումբը

Դիտումների քանակ՝ 1168

Տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում այսօր սկսվեցին ՀՊՏՀ 2014-2015թթ. գիտաուսումնական խմբերի գիտական սեմինարները. այսօր հանդես եկավ «Ֆինանսական ծառայությունների հասանելիություն» միջազգային գիտական խումբը: Մասնակցում էին ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Նշված խմբի կազմն է՝ ՀՊՏՀ գիտության բաժնի պետ, տ.գ.թ.,դոցենտ Խորեն Մխիթարյան, ով խմբի ղեկավարն է, ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ, տ.գ.թ., դոցենտ Աղավնի Հակոբյան, ՀՊՏՀ-ում սովորող օտարերկրացի (սիրիացի) մագիստրանտներ Մահմուդ Ալդելա, Ռանիմ Ալզաին, Շադի Ջենդին:

Ներկաներին ողջունեց պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը՝ նշելով, որ այս տարի մեկնարկած գիտաուսումնական խմբերի նախագիծը մեծ ներուժ ունի և Հայաստանում աննախադեպ է, դրա հիմնական նպատակներից է մագիստրանտների ներգրավումը գիտահետազոտական աշխատանքներին: Պրոռեկտորն ընդգծեց, որ բուհի ղեկավարության կողմից կարևորվում են հետազոտական աշխատանքները, քանի որ դրանք նպաստում են որակյալ կադրերի պատրաստմանը: Անդրադառնալով նշված խմբին՝ Գագիկ Վարդանյանն ասաց, որ 2014-2015թթ. գիտաուսումնական խմբերի մեջ այս խումբը միակ միջազգային խումբն է:

Խորեն Մխիթարյանը ամփոփ ներկայացրեց  իրենց  գիտաուսումնական խմբի գործունեությունը, նպատակները և խնդիրները՝ կարևորելով ֆինանսական ծառայությունների հասանելիություն թեման և նշելով, որ այդ մասին համացանցում հասանելի են շատ քիչ տեղեկություններ:

Աղավնի Հակոբյանը լուսապատկերի միջոցով անդրադարձավ խմբի կազմին, ներկայացրեց իրենց կողմից կատարվող հիմնական աշխատանքները և խմբի մասին այլ տեղեկություններ:

Մագիստրանտներ Մահմուդ Ալդելան, Ռանիմ Ալզաինը, Շադի Ջենդին հաջորդաբար հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով Սիրիայի Արաբական Հանրապետության ֆինանսական շուկայի ընդհանուր բնութագիրը՝ պատերազմից առաջ և հետո, պատերազմի ազդեցությունն ու հետևանքները Սիրիայի ֆինանսական համակարգի վրա և ֆինանսական ծառայությունների հասանելիության որոշ ասպեկտներ՝ հիմնականում պետական և մասնավոր բանկերի օրինակով:

Սեմինարի ավարտին ծավալվեց քննարկում: Հարցադրումներով հանդես եկան Գագիկ Վարդանյանը, ՏԿ և ՄՏՀ դեկան Ատոմ Մարգարյանը և ուրիշներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին