«Կովկասյան երկխոսություն - 2014». հակամարտությունների լուծման ճանապարհ

Դիտումների քանակ՝ 1095

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ա. Մ. Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը Կաբարդինա-Բալկարիայի Նալչիկ քաղաքում անցկացրել է գիտակրթական աշխատաժողով՝ «Կովկասյան երկխոսություն - 2014» խորագրով, որին որպես փորձագետ մասնակցել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնին Սամվել Ավետիսյանը ներկայացրեց այցի տպավորություններն ու արդյունքները՝ նշելով, որ այս ծրագրի շրջանակներում սա թվով երրորդ աշխատաժողովն էր և կրում էր  «Տարածաշրջանի տնտեսական, քաղաքական և մարդասիրական չափանիշները» անվանումը (նախորդները տեղի են ունեցել 2012 և 2013 թվականներին Սոչիում և Դոնի Ռոստովում): Այս աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Աբխազիայի, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Սլովենիայի, Հարավային Օսեթիայի ներկայացուցիչները: Հայաստանը մասնակցել է բավականին մեծ՝ 10 հոգանոց պատվիրակությամբ: Յուրաքանչյուր պատվիրակություն կազմված է եղել 2 խմբից՝ փորձագետների և ուսանողների ու ասպիրանտների:

«Առաջին նիստն ամբողջովին նվիրված էր տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակին և Ռուսաստանի շահերին: Անթաքույց կերպով ռուսաստանցի փորձագետները նշում էին, որ կենսական շահեր ունեն Կովկասում, և Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ այստեղից: Այս հարցերը քննարկվում էին ներկայիս իրադարձությունների համատեքստում: Երկրորդ նիստն ուղղված էր Կովկասի պետությունների միասնական տնտեսական ծրագրերին, քաղաքական և տնտեսական հետաքրքրություններին: Առաջին զեկուցողը ՌԴ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի դոցենտ Ելենա Կուզմինան էր, որի ելույթը նվիրված էր Կովկասյան երկրների տնտեսական իրավիճակին ու զարգացման միտումներին: Երկրորդ զեկուցողը ես էի: Զեկուցումս նվիրված էր Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, որում մեր անդամակցությունը դիտարկվում էր ոչ միայն Հայաստան-Ռուսաստան շրջանակներում, այլև, թե ինչպիսին կլինի դրա ազդեցությունը տարածաշրջանում»,-ասաց Սամվել Ավետիսյանը՝ ավելացնելով, որ զեկուցմանը հաջորդել են մտքերի փոխանակություն ու շահագրգիռ քննարկում:

Նա հատկանշեց համաժողովին ռուս քաղաքագետ, Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի «Ընկերների ակումբի» անդամ Սերգեյ Մարկեդոնովի հետաքրքրական ելույթը՝ նվիրված Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը:

Սամվել Ավետիսյանի խոսքով՝ ուշագրավ էր այն ձևաչափը, որով անցան երիտասարդական խմբերի աշխատանքները: «Երիտասարդները բաժանվեցին խմբերի և պետք է մշակեին հակամարտությունների լուծման ճանապարհային քարտեզը: Մի խմբում հայերն ու ադրբեջանցիներն էին, մյուսում՝ աբխազ, վրացի, օսեթ երիտասարդները: Շատ անկեղծ ու կառուցողական բանավեճ սկսվեց, երիտասարդները ներկայացնում էին հակամարտության իրենց ընկալումը: Ըստ էության, բարդ խնդիր էր առաջադրված, բարդ ու խիզախ փորձ էր, և երկու կողմերն էլ ձգտում էին գտնել խաղաղ կարգավորման ճանապարհը և մատնանշել փուլերը: Այնուհանդերձ, սկիզբը շատ դրամատիկ էր. երկու կողմերն էլ հարցեր էին առաջադրում, որոնք տանում էին փակուղի: Այս պարագայում փորձագետներն ուղղորդում էին նրանց՝ գտնելու ելքեր»,- ասաց Սամվել Ավետիսյանը և հավելեց, որ արդյունքում կողմերը հանգեցին այն տեսակետին, որ առայժմ ղարաբաղյան հարցի կարգավորման շրջանակներում ստատուս քվոն պետք է պահպանվի, մեծ կարևորություն պետք է տրվի ժողովրդական դիվանագիտությանը, ձևավորվի այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա կառուցողաբար առաջ շարժվել:

Պրոֆեսորը նշեց, որ աշխատաժողովը նոր գաղափարներ ու նոր տպավորություններ տվեց մասնակիցներին, որոնք դրանք կփոխանցեն իրենց գործընկերներին ու շրջապատի մարդկանց:

Աշխատաժողովի օրերին Սամվել Ավետիսյանը նաև հյուրընկալվել է Կաբարդինա-Բալկարիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում և բուհի ղեկավարության հետ քննարկել է մեր համալսարանի հետ համագործակցության հնարավոր հեռանկարները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին