Ուսանողական մարզամշակութային փառատոնը եզրափակվեց. հաղթողը կառավարման ֆակուլտետն է (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 929

ՀՊՏՀ ուսանողական խորհրդի 20-ամյակին նվիրված  «Ուսանողական աշուն-2014»  մարզամշակութային փառատոնը եզրափակվեց այսօր՝ մշակութային շքեղ միջոցառմամբ: Բոլոր ֆակուլտետներից տաղանդավոր ուսանողներ ներկայացան երգի, պարի ելույթներով, որոնք ուղեկցվում էին շքեղ շոուներով:

Պարի և երգի ելույթները համեմված էին նաև կիթառի, ջութակի կենդանի նվագակցությամբ: Հատկանշական է, որ այս տարի  ավելի շատ հնչեցին հայրենասիրական, ազգային երգեր: Մինչ ՈւԽ նախագահությունը որոշում էր երգի, պարի մրցույթի հաղթողներին, եղան նաև ոչ մրցութային երգի, ինչպես նաև «Սթենդ ափ» ձևաչափում հումորային ելույթներ:

Այսպիսով, «Ուսանողական աշուն-2014»  մարզամշակութային  փառատոնի հաղթողը կառավարման  ֆակուլտետն է, որը ամբողջ փառատոնի արդյունքում արձանագրել է առավելագույն՝ 17 միավոր:  Կառավարման ֆակուլտետի նախագահ Հայկ Գրիգորյանին գավաթը հանձնեց ՈւԽ նախագահ Սերգեյ Խառատյանը:  ՈւՀԱ մրցելույթներում հաղթող  ճանաչվեց հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետը: ՈւՀԱ «Լավագույն հումոր» անվանակարգում հաղթող է կառավարման ֆակուլտետը, «Ռազմինկա» մրցույթում ՝ ֆինանսական ֆակուլտետը: ՈւՀԱ «Լավագույն երաժշտական համար» անվանակարգը նվաճեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետը, ՈւԽ-ի կողմից  սահմանված  հատուկ ՝ «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացան երկու հոգի՝  Կորյուն Մուրադյանը և Վիկտորյա Մկրտչյանը:

Երգի մրցույթում մրցանակային տեղերը բաշխվեցին այսպես՝ 1-ին հորիզոնական՝ ֆինանսական ֆակուլտետ, երկրորդ՝ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետ, երրորդ՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ: Պարի մրցույթում առաջատար է կառավարման ֆակուլտետը, երկրորդ տեղում է մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը, երրորդում՝ ֆինանսականը: Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով:

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին, փառատոնի կազմակերպիչներին:

Հիշեցնենք, որ   «Ուսանողական աշուն-2014»-ը մեկնարկել էր նոյեմբերի 10-ին՝ շախմատի առաջնությամբ և ավարտվեց այսօր՝ մշակութային հանդիսավոր ցերեկույթով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին