Մագիստրոսական հետազոտական խմբերի շնորհանդեսներ՝ «Ամբերդում». ուշադրության կենտրոնում՝ արդիական հիմնախնդիրներ

Դիտումների քանակ՝ 1826

«Ամբերդ» հետազոտական կենտրոնում այսօր տեղի ունեցավ մագիստրոսական երկու խմբերի շնորհանդեսները: Առաջին խումբը ներկայացրեց «Բնական ռեսուրսների  օգտագործման նորամուծական եղանակների միջազգային փորձը  և  Հայաստանում կիրառման հնարավորությունները» զեկուցումը, որի համահեղինակներն են ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության մագիստրանտներ Լուիզա Ավետիսյանը և Լիանա Աղեկյանը: Երկրորդ զեկուցումը «Կլիմայի փոփոխության սոցիալ-տնտեսական հետևանքների գնահատումը և հարմարեցման միջոցառումների իրականացումը Հայաստանում» թեմայով էր, համահեղինակներն են ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի բնօգտագործման տնտեսագիտություն մասնագիտության մագիստրանտներ՝ Մելինե Եսայանը, Տաթևիկ Թովմասյանը, Տաթևիկ Քոչարյանը:

Շնորհանդեսներին մասնակցում էին «Ամբերդի»  տնօրեն Սամվել Ավետիսյանը, կենտրոնի աշխատակիցները, բնօգտագօրծման տնտեսագիտության ամբիոնի քիմ. գիտ.թ. դոցենտներ Ռազմիկ Պետրոսյանը և Ալիսա Գևորգյանը:

1-ին զեկուցմանը Լիանա Աղեկյանը անդրադարձավ  ՀՀ-ում ջրային, հողային, ընդերքի և լանդշաֆտային ռեսուրսների ներկա  վիճակին, դրանց օգտագործման հետ կապված հիմնախնդիրներին, ինչպես նաև նորամուծական եղանակների՝ միջազգային փորձի ուսումնասիրությանը: Ներկայացվեցին բնական ռեսուրսների օգտագործման միջազգային  փորձի  տեղայնացման և  նորամուծական  եղանակների  ներդրման հնարավորությունները:

2-րդ զեկուցումը ներկայացրեցին Տաթևիկ Թովմասյանն ու Մելինե Եսայանը: Խոսվեց կլիմայի փոփոխության պատճառների ու դրա հետևանքների ուսումնասիրության մասին, ապա՝ ներկայացվեց  տնտեսության և դրա առանձին ճյուղերի վրա կլիմայի փոփոխությունների ազդեցության գնահատումը: Վերլուծվեց հարմարեցման միջոցառումների իրականացման միջազգային և տարածաշրջանային փորձը:

Զեկուցումների ավարտից հետո  Սամվել Ավետիսյանը, Ռազմիկ Պետրոսյանն ու Ալիսա Գևորգյանը հանդես եկան հարցադրումներով և  թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություններով: Ռազմիկ Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնին և գոհունակություն հայտնեց ուսանողների կատարած աշխատանքից: Սամվել Ավետիսյանը մագիստրանտներին բնութագրեց իբրև աշխատասեր, համառ ու  նպատակասլաց հետազոտողներ:

Ավարտին կենտրոնի տնօրենը մագիստրանտներին շնորհեց վկայականներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին