Հայկական դրամի նշանի հեղինակ Կարեն Կոմենդարյանը դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 1982

Հայկական դրամի նշանի հեղինակ Կարեն  Կոմենդարյանն այսօր ՀՊՏՀ-ում էր. նիստերի սրահում նրա բանախոսությամբ տեղի ունեցավ դասախոսություն՝ «Դրամների նշաններ» խորագրով, որը նվիրված է հայկական դրամի օրվան:

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի աջակցությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա էին ուսանողներ: Բանախոսը ներկայացրեց  տարադրամի նշանները (դոլար, եվրո, պեսո և այլն), ապա՝ դրանց պատմությունն ու վերլուծությունը, մանրամասնորեն վերլուծեց հայկական դրամի նշանի պատմությունն ու ստեղծումը: Ուշագրավ է, որ, ինչպես ասաց  բանախոսը, դրամ բառը նշանակում է և մի բուռ ազնիվ մետաղ և, ըստ Անանիա Շիրակացու, որոշակի ծավալի միավոր: Անդրադարձ եղավ հայոց այբուբենին,  տառերի նշանակությանը:

Դրամի նշանի հեղինակի համոզմամբ՝ հայկական տառերը յուրահատուկ են ու մեծ խորհուրդ են պարունակում: Դրամի գրանշանի հիմքում  «Դ»  տառի պատկերը  և երկու հորիզոնական նշաններ են (հավասարության նշանը): «Սակայն պետք է հաշվի առնել, որ դրամի նշանը  հայկական այբուբենի «Դ» տառը չէ, այլ ինքնուրույն զլիֆ կամ պիկտոգրամ է՝ գրաֆիկական պատկեր»,-ասաց բանախոսը:

Բանախոսը հարցերի միջոցով  ստուգեց ուսանողների գիտելիքները, իսկ վերջում ամենաակտիվ ուսանողին՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի  Արմինե Պողոսյանին հուշանվեր հանձնեց:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության բաժնի հետ զրույցում մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Շուշանիկ Մկրտչյանը նշեց, որ ներկայացված թեման հետաքրքրություն է առաջացնում ուսանողի մոտ, դասախոսությունից հետո էլ ցանկություն է լինում լրացուցիչ ուսումնասիրել թեման: Այսինքն, նմանատիպ դասախոսությունները ոչ միայն գիտելիքներ են տալիս, այլև մղում են կրկին սովորելու, ուսումնասիրելու:

Նշենք, որ հայկական դրամի նշանը Կարեն Կոմենդարյանը ստեղծել է 1995թ. սեպտեմբերի 7-ին և 2001 թվականին նվիրել է այն Հայաստանի Հանրապետությանը՝ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ: Նույն թվականին նշանը պաշտոնապես հաստատվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից համապատասխան մրցույթի արդյունքի հիման վրա:

Նորանկախ Հայաստանի Հանրապետության դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին