«Մեգաէկոնոմիկա» թեման՝ Հրանտ Բագրատյանի բանախոսությամբ

Դիտումների քանակ՝ 2856

Միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտության ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների համար այսօր դասախոսությամբ հանդես եկավ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը: Դասախոսությանը ներկա էին նաև ՀՊՏՀ գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի դեկան տ.գ.թ., դոցենտ Գրիգոր Նազարյանը, ՄՏՀ ամբիոնի ղեկավար  տնտեսագիտության դոկտոր, դոցենտ Դիանա Գալոյանը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Զոյա Թադևոսյանը:

Ինչպես հայտնում են ամբիոնից, դասախոսությունը նվիրված էր տնտեսագիտության նոր ոլորտին՝ «Մեգաէկոնոմիկային»: Բանախոսը մասնավորապես անդրադարձավ գլոբալ համակարգի զարգացման երկու հիմնական կողմերին՝ ինստիտուցիոնալիզմին և կառուցվածքային փոփոխություններին, առանձնացրեց գլոբալ հասարակարգի զարգացման հիմնական միտումները՝ տնտեսական աճի տեմպերը, ժողովրդագրական փոփոխությունները, ծնելիության մակարդակը, կրթության զարգացումը:  Հրանտ Բագրատյանը նկատեց, որ գլոբալ առումով վերջին 50 տարիների ընթացքում ծնելիության, կյանքի տևողության և բնակչության կրթական մակարդակի աճ է նկատվում, սակայն ոչ միշտ են բարձրագույն կրթություն ունեցողները կարողանում աշխատանք գտնել, ինչն էլ հսկայածավալ միգրացիայի տեղիք է տալիս: Խոսվեց նաև գլոբալ մակարդակով եկամուտների բաշխման մասին, որտեղ բանախոսը նշեց, որ զարգացած երկրներում աղքատները ավելի հարուստ են, քան աղքատ երկրների հարուստները: Այստեղից նա եզրակացրեց, որ Ջինիի գործակիցը այլևս կորցրել է իր արդիականությունը:

Ընդհանուր առմամբ, շոշափվեցին մի շարք հարցեր՝ կապված հասարակությունների զարգացման, կրոնականության, ավադույթների, ֆինանսական համակարգի, կրիպտոարժույթների և այլ հարցերի հետ: Դասախոսության ավարտից հետո բանախոսին ուղղվեցին մի շարք հարցեր, ծավալվեց բուռն քննարկում:

Ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը, ով նշեց նման դասախոսությունների և միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության մասին, կարևորեց մեգաէկոնոմիկայի ուսումնասիրությունը ՀՊՏՀ ուսանողների համար և հույս հայտնեց հետագա համագործակցության համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին