ՀՊՏՀ ֆուտզալի հաղթանակած հավաքականը գավաթը հանձնեց համալսարանի ռեկտորին

Դիտումների քանակ՝ 1180

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր իր աշխատասենյակում հանդիպեց ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականի թիմին, որը Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացված ֆուտզալի առաջնությունում՝ նոյեմբերի 8-ին կայացած եզրափակիչ խաղում, մրցելով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի թիմի հետ, հաղթանակ էր արձանագրել՝ 5:2 հաշվով և հռչակվել առաջնության չեմպիոն:

Հավաքականին ուղեկցում էին ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը, հավաքականի մարզիչ Էլիանորա Գրիգորյանը:

Ամբիոնի ղեկավարը ռեկտոր Կորյուն Աթոյանին ներկայացրեց առաջնության մանրամասները, նշեց, որ համալսարանի ֆուտզալի հավաքականը թեժ մրցապայքարներ է անցկացրել՝ արդյունքում արդեն երրորդ տարին անընդամեջ դառնալով առաջնության հաղթող: Հովհաննես Գաբրիելյանը ռեկտորին ներկայացրեց ապագա ծրագրերը, ինչպես նաև  շնորհակալություն հայտնեց աջակցության համար:

Ռեկտոր Կորյուն Աթոյանը համալսարանի կոլեկտիվի և ուսանողների անունից շնորհավորեց հավաքականին հաղթանակի առիթով և շնորհակալություն հայտնեց համալսարանի անունը բարձր պահելու համար:

«Բազմիցս եմ ասել,  հպարտանալու լուրջ առիթ է մեզ համար լսել մեր համալսարանի ուսանողների հաջողությունների մասին ոչ միայն ուսումնական, կրթական բնագավառներում, այլև այլ ոլորտներում: Շարունակեք նույն եռանդով, իսկ ես պատրաստ եմ ձեզ աջակցել բուհի հնարավորությունների սահմաններում»,- ասաց Կորյուն Աթոյանը:

Հանդիպման ավարտին հավաքականը ռեկտորին հանձնեց իրենց հաղթանակը խորհրդանշող գավաթը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերը կազմակերպել են  ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին