«Էրազմուս+» ծրագրի ներկայացուցիչները ՀՊՏՀ-ում էին. հանդիպում ուսանողների և դասախոսների հետ

Դիտումների քանակ՝ 1209

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչներն այսօր մեր համալսարանում էին՝ ուսանողների և դասախոսների հետ հանդիպման նպատակով:

Հանդիպումը բաղկացած էր 2 հատվածից. առաջին հատվածը տեղի ունեցավ ՀՊՏՀ հանդիսությունների սրահում, որտեղ  ծրագրի ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրեցին «Էրազմուս+»-ի  փոխանակման ծրագրերին մասնակցելու հնարավորությունները և հեռանկարները: Մասնավորապես, խոսվեց  մագիստրոսական ծրագրերի մասին: «Էրազմուս+»-ի  ներկայացուցիչ Անի  Թովմասյանը խոսեց մագիստրոսական կրթական ծրագրերին դիմելու կարգի մասին:

Նա ասաց, որ ուսանողները կարող են www.erasmusplus.am կայքում լրացնել առցանց դիմումաձևը և կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ դիմել ծրագրին: «Կրթական ծրագրերի 95 տոկոսը անգլերենով է, ուստի դիմելիս անպայման պետք է կցել նաև անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL, IELTS)»,-նշեց բանախոսը: Վերջինիս հավաստմամբ՝ կարևոր  նշանակություն ունի նաև մոտիվացիոն նամակի բովանդակությունը. այն պետք է հնարավորինս լավ արտացոլի ուսանողի՝ ծրագրին դիմելու պատճառը: Մանրամասնորեն խոսվեց նաև կրթաթոշակային ծրագրերի մասին. ի դեպ, այն փակում է ուսանողի բոլոր ծախսերը (կեցության ծախս և այլն): Հանդիպման ավարտին ուսանողները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում  կայացավ հանդիպման 2-րդ հատվածը՝ բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների, աշխատակիցների հետ: «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան նախ դասախոսներին ներկայացրեց ծրագրի նպատակները, խնդիրները,  ՀՊՏՀ-ում իրականացվող «Տեմպուսի» 7 ծրագրերը, նշելով, որ դրանցից մեկի՝ «Արարատ»-ի համակարգողը ՀՊՏՀ-ն է: Բանախոսն անդրադարձավ կարողությունների զարգացման ծրագրին, ապա՝ «Էրազմուս+»-ի գործընկեր երկրներին, մասնավորապես՝ Հայաստանին, միջհամալսարանական համագործակցության առավելություններին: Քննարկվեցին համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին