ՀՊՏՀ-ում կատարվեց հաստատության օրհնության արարողություն (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1467

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հիմնանորոգված նախասրահում այսօր կատարվեց հաստատության օրհնության արարողություն՝ տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ: Արարողությանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, ուսումնակազմակերպական աշխատանքների գծով պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը, վարչատնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Միխաիլ Կարապետյանը, ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բուհի վարչական ու ուսումնական ստորաբաժանումների աշխատակիցներ, ուսանողներ: Արարողությունն սկսվեց  Տերունական աղոթքով, ապա Մուշեղ սրբազանն օրհնեց խորհրդանշական հացը, ջուրը, աղը:

Արարողության ավարտին սրբազանը նշեց, որ սույն արարողությամբ կատարվեց հաստատության և նրա բնակիչների, այսինքն՝ աշխատակիցների ուսանողների օրհնության կարգ: Մուշեղ սրբազանը գոհունակությամբ նաև նկատեց, որ Տերունական աղոթքը ՀՊՏՀ-ականները հնչեցրին վստահաշատ ձայներով, ինչը նշանակում է, որ իրենք գիտեն՝ ում են ուղղում իրենց աղոթքը: Օրհնության արարողությունից հետո ներկաները համտեսեցին օրհնված հացը, աղն ու ջուրը, իսկ ՀՊՏՀ նիստերի սրահում շարունակվեց հոգևորականի և ՀՊՏՀ ուսանողների հետ հանդիպումը՝ ՀՊՏՀ ռեկտորի գլխավորությամբ:

Կորյուն Աթոյանը նշեց, որ համալսարանի օրհնության արարողության անցկացման նախաձեռնությունը ՀՊՏՀ ղեկավարությանն է՝ ուսանողների հետ քննարկման արդյունքում: «Համալսարանը ոչ միայն ուսումնական, գիտելիք տվող հաստատություն է, այլև ձևավորում է ապագա քաղաքացուն, որը պետք է ամուր լինի նաև իր հոգևոր արժեհամակարգով»,- նշեց բուհի ղեկավարը: Մուշեղ եպիսկոպոսն ուսանողներին բացատրեց օրհնության խորհուրդը՝ կարևորելով անձի հավատն առ Աստված: Այնուհետև Մուշեղ սրբազանը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հայ առաքելական եկեղեցու ծրագրերին ու գործունեությանը, աղանդավորական շարժումներին եկեղեցու մոտեցմանը, բանակում՝ հոգևորականների ներկայությանը:

Հանդիպման ավարտին ռեկտոր Կորյուն Աթոյանը ամբողջ կոլեկտիվի և ուսանողության անունից շնորհակալություն հայտնեց օրհնության արարողության և հանդիպման համար, նշեց, որ ցանկալի է՝ նման այցելությունները շարունակական լինեն: Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ռեկտորին հրավերի համար և շեշտադրեց հետագա համագործակցության կարևորությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին