Հայտնի դարձավ ՀՊՏՀ լավագույն ուսանողը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 3129

Քիչ առաջ ՀՊՏՀ մեծ դահլիճում հանդիսավոր պայմաններում և պատվավոր հյուրերի ներկայությամբ կայացավ ՀՊՏՀ «Լավագույն ուսանող-2017» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: ՀՊՏՀ ուսանողներից և պրոֆեսորադասախոսական կազմից բացի միջոցառմանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, սպորտի վաստակավոր վարպետ, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի  չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը:

Բացելով միջոցառումը ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը նշեց, որ սույն նախաձեռնության հիմքերը դրվել են դեռևս ՈՒԽ նախկին նախագահ Սերգեյ Խառատյանի օրոք, իսկ իրենք էլ շարունակելով և զարգացնելով ավանդույթը՝ վստահ են, որ նման քայլերը ուսանողներին խրախուսում և մոտիվացնում են:

Այնուհետև Երիտասարդության և Ուսանողության համաշխարհային օրերը շնորհավորեց և ողջույնի խոսք ասաց  ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ շնորհակալություն հայտնելով Տարոն Մարգարյանին և Կարեն Ավագյանին՝ մեր համալսարանի այս տարվա լավագույն ուսանողին ընտրելու այս պատասխանատու օրը մեր կողքին լինելու համար:   Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանողի անունը հայտարարեց Կորյուն Աթոյանը: Առաջադրված երեք թեկնածուներից հաղթող ճանաչվեց Մարի Եղիազարյանը:

Ուսանողների և շրջանավարտների հետ աշխատանքների գծով պրոռեկտոր Սևակ Խաչատրյանը մինչ կհայտներ բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանողի անունը՝ նշեց, որ այսօրվա ուսանողությունը շատ ունի գնահատանքի և արժևորման կարիք և ուրախալի է, որ տարեցտարի այդպիսի միջոցառումները շատանում են: Բարձր առաջադիմության լավագույն ուսանող ճանաչվեց Աննա Բլեյանը:

Ըմբշամարտի աշխարհի 2017թ-ի առաջնության բացարձակ չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն իր խոսքում նշեց՝ տեղյակ է, որ մեր բուհն աչքի է ընկնում մարզական հաջողություններով: Չեմպիոնը հայտնեց ՀՊՏՀ լավագույն ուսանող-մարզիկի անունը՝ Վահան Տեր-Բալյան:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խոստացավ վաղը հղել իր շնորհավորանքի խոսքը ուսանողներին, ապա հայտնեց ակտիվ հասարակական գործունեություն իրականացնող ուսանողին անունը՝ Անի Ղազարյան:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էր տրված 2017թ. «ՀՊՏՀ լավագույն ուսանող»  անվանակարգի հաղթողի անունը հայտնելու առիթը: Մինչ դա Երևանի քաղաքապետը նշեց, որ իր ուսանողական տարիներին, երբ մեր պետության անկախությունը 6 տարեկան էր, իրենք փորձում էին և՛ կրթություն ստանալ, և՛ համալսարանը շենացնել:

Այսօր, քաղաքապետի խոսքով, բարեբախտաբար մեր անկախ երկիրը կայացած է և ուսանողների համար ստեղծված են լավ պայմաններ՝ կրթվելու, զարգանալու, կատարելագործվելու և դրանով իսկ՝ մեր երկրին ծառայելու: «ՀՊՏՀ լավագույն ուսանող»  ճանաչվեց Մարիետա Բաղդասարյանը, ով  ՀՊՏՀ ղեկավարության կողմից հնարավորություն ստացավ մեկ կիսամյակ ուսանելու  եվրոպական համալսարանում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին