Կստեղծվի Ազգային ուսանող-փորձագետների անկախ մարմին

Դիտումների քանակ՝ 1787

Նոյեմբերի 14-ին Եվրոպական Միության Տեմպուսի «Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» No.544261-TEMPUS-1-2013-1-BE-TEMPUS-SMGR (ESPAQ) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցել են ՀՊՏՀ ռեկտոր պրոֆեսոր Կորյուն Աթոյանը,  ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, նույն բաժնի աշխատակիցներ Աննա Փախլյանը, Մարիա Պետրոսյանը և Անի Բաղդասարյանը։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ծրագրի արտասահմանյան գործընկեր համալսարանների աշխատանքային թիմերի անդամներ, հայաստանյան գործընկեր համալսարանների ռեկտորներ, պրոռեկտորներ և անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր համալսարանների ուսանողներ:

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից, ողջույնի խոսքով հանդես է եկել նախարար Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով «Տեմպուս» և «Էրազմուս+» ծրագրերի կարևորությունը:

Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև ՀՊՏՀ կառավարման ամբիոնի դոցենտ, Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈՒԱԱ) փոխնախագահ Սարգիս Ասատրյանցը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Եվրոպական Ուսանողական Միության փոխնախագահ Ադամ Գայեկը և ծրագրի համակարգող Մաչերատայի համալսարանի ներկայացուցիչներ Անդրեա Դեզին և Ռոբերտո Ռիգին։

Այնուհետև տեղի է ունեցել Ազգային ուսանող-փորձագետների ստեղծման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարության, ծրագրի կոնսորցիումի անդամ հայաստանյան համալսարանների և ՈԱԱԿ-ի միջև փոխհամաձայնության հուշագրի հանդիսավոր ստորագրումը, համաձայն որի՝ կստեղծվի ՀՈՒԱԱ-ին կից գործող Ազգային ուսանող-փորձագետների (ԱՈՒՓ) անկախ մարմին, որում կներգրավվեն տարբեր համալսարանների ուսանողներ: Հանդիսավոր արարողությանը հաջորդել են մի շարք  ներկայացումներ և պանելային քննարկումներ։

Մասնավորապես, նախ ծրագրի համակարգող Մաչերատայի համալսարանի ներկայացուցիչ Ռոբերտո Ռիգին ամփոփել է ESPAQ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու արդյունքները, որից հետո ՀՊՏՀ մագիստրատուրայի ուսանող, ԵՈՒՄ գործադիր մարմնի անդամ Գոհար Հովհաննիսյանը մանրամասնորեն ներկայացրել է նշված փոխհամաձայնության հուշագրի բովանդակությունը, ԱՈՒՓ խմբի գործունեության առանձնահատկությունները, անդամակցելու պայմանները, ինչպես նաև արդեն իսկ վերապատրաստված 20 ուսանող-փորձագետներին հանձնվել են վկայականներ։

Նշենք, որ ԱՈՒՓ խմբի հիմնական նպատակն ուսանողների բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ներգրավվածության խրախուսումն է։ Այն  ՀՈՒԱԱ-ին կից անկախ մարմին է, որի աշխատանքների իրականացմանը կաջակցեն ՀՈՒԱԱ-ն և ՈԱԱԿ-ը: Խմբի անդամ ուսանող-փորձագետները կանցնեն վերապատրաստման դասընթացներ ՈԱԱԿ-ում, ինչպես նաև հնարավորություն կունենան ներգրավվելու ՄՈՒՀ-երի հավատարմագրման գործընթացում որպես ուսանող-փորձագետներ։

Այնուհետև ներկայացվել է «Ուսանողները ՈԱ գործընթացում և ԲԿ կառավարման մեջ. Եվրոպական փորձը» թեմայով զեկուցում, որից հետո համաժողովն ընթացել է «ESPAQ ծրագրի ազդեցությունը որակի ապահովման գործընթացում ուսանողների ներգրավվածության և ուսումնառության վրա» և «Ինչպե՞ս ապահովել փորձագետների խմբի և ESPAQ-ի արդյունքների կայունությունը» թեմաներով պանելային քննարկումների ձևով, որոնց մասնակցել են բոլոր շահակից կողմերը՝ ուսանողներ, համալսարանների անձնակազմի, ՈԱԱԿ, ԿԳՆ ներկայացուցիչներ։ Հիշեցնենք, որ ESPAQ-ը եռամյա ծրագիր է,  որի նպատակն է ընդլայնել ուսանողների՝ որպես ներքին շահակիցների ներգրավումը Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում։ Ծրագրի մասին առավել մանրամասն՝ espaq.eu/en/։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին