Տեղեկատվական հանդիպում և աշխատաժողով ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում

Դիտումների քանակ՝ 1613

Նոյեմբերի 10-11-ը ՀՊՏՀ աշխատակիցները՝ որակի ապահովման բաժնի պետ Ներսես Գևորգյանը, նույն բաժնի առաջատար մասնագետներ Մարիա Պետրոսյանը և Անի Բաղդասարյանը, շարունակելով իրազեկման հանդիպումների և ուսանողների ու որակի ապահովման ոլորտի աշխատակիցների համար նախատեսված աշխատաժողովների շարքը Եվրոպական Միության Տեմպուսի «Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնում» (ESPAQ, №544261-TEMPUS-1-2013-1-BE-TEMPUS-SMGR) ծրագրի շրջանակում, հյուրընկալվել են ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում։

Ինչպես հայտնում են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից, տեղեկատվական հանդիպման ընթացքում, որը նպատակ ուներ իրազեկելու ESPAQ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ու ձեռքբերումների մասին, ըստ աշխատանքային փաթեթների ներկայացվել են ծրագրի բովանդակությունն ու իրականացված աշխատանքները, հիմնական արդյունքները, որոնք կիրառելի են որակի պահովման գործընթացներում ուսանողների մասնակցության ընդլայնման նպատակով։ Մասնավորապես, աշխատանքային երրորդ՝ «Որակի ապահովման (ՈԱ) ոլորտում ուսանողների կարողությունների զարգացում» փաթեթի շրջանակում կազմակերպված «Ուսանողների դերն ու մասնակցությունը ՈԱ գործընթացներում» իրազեկման հանդիպումից և ուսանող-փորձագետներ վերապատրաստելու համար նախատեսված դասընթացներից հետո մշակվել և հրատարակվել է «Ուսանողական ձեռնարկ»։  Ձեռնարկն ընդհանուր պատկերացում է տալիս կրթության որակ, բարձրագույն կրթության համակարգում որակի ապահովման ընթացակարգեր հասկացությունների, որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացներում այնպիսի մարմինների դերակատարման մասին, ինչպիսիք են՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը (ՈԱԱԿ) և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈՒԱԱ)։ Բացի այդ, ձեռնարկն օգտակար համատեքստ է ապահովում հայաստանյան բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացներում ուսանողների մասնակցության վերաբերյալ, և նախատեսված է ուսանողների ու ուսանողական ներկայացուցչությունների, ինչպես նաև որակի ապահովման ոլորտի աշխատակիցների համար։

Աշխատաժողովի ընթացքում ՀՊՏՀ աշխատակիցները ներկայացրել են Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԿԲՏ) որակի ապահովման չափանիշներն ու ուղենիշները, հավատարմագրման գործընթացի փուլերը, ՀՊՏՀ որակի ներքին ապահովման համակարգն ու որակի շրջափուլի կառուցվածքը, որակի ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավման փորձը մեր համալսարանում։

Հիշեցնենք, որ ESPAQ-ը եռամյա ծրագիր է,  որի նպատակն է ընդլայնել ուսանողների՝ որպես ներքին շահակիցների ներգրավումը Հայաստանի բուհերի որակի ապահովման գործընթացներում։ Ծրագրի մասին առավել մանրամասն՝ espaq.eu/en/։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին