Մաթեմատիկան տնտեսագիտության ողնաշարն է. սեմինար բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի մասնակցությամբ

Դիտումների քանակ՝ 3235

Այսօր տեղի  ունեցավ  բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի սեմինարը, որին մասնակցում էին գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը, ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Մհեր Աղալովյանը, ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցներ:

Ողջունելով սեմինարի մասնակիցներին՝ պրոռեկտորը նշեց, որ ընթացիկ այս սեմինարներով հնարավորություն է ընձեռվում բացահայտելու ամբիոնների գիտական ներուժը, հստակեցնելու, թե գործունեության մեջ որ ուղղությունների վրա պետք է շեշտադրումներ կատարվեն:

«Ամբիոնային գիտական սեմինարների արդյունքները ուղղակիորեն կարտացոլվեն նաև ուսումնական գործընթացում: Տնտեսագետների համար, գիտելիքի տեսանկյունից, ողնաշարը մաթեմատիկան է և անհրաժեշտ է որոշել բարձրագույն մաթեմատիկայի գիտելիքների այն մակարդակը, որին ուսանողը պետք է տիրապետի ուսումնական տվյալ փուլի ավարտից հետո: Այս և գիտաուսումնական լաբորատորիաների սեմինարները նախադուռն են նոյեմբերի 22-24-ը կայանալիք ՀՊՏՀ 27-րդ գիտաժողովի, որին մեր գիտնական-հետազոտողները հնարավորություն ունեն լուրջ այցեքարտ ներկայացնելու»,- ասաց Գագիկ Վարդանյանը՝ հավելելով, որ ամբիոնից ակնկալում է մաթեմատիկայի դասավանդման արդյունավետության վերաբերյալ նախաձեռնություններ, իսկ գիտաժողովի աշխատանքներին՝ ակտիվ մասնակցություն:

Ամբիոնային գիտական ու հետազոտական նմանօրինակ հավաքները ողջունեցին ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մուրադյանը,  ֆ.մ.գ., դոցենտ Վլադիմիր Դավթյանը՝ հույս հայտնելով, որ սեմինարները կդառնան բարի ավանդույթ՝ ցուցաբերելով, թե որ գիտնականն ուսումնասիրության ինչ դաշտում է, որքան է արդյունավետ աշխատում, ինչ հիմնախնդիրներ են հասունացել դասավանդման գործընթացում:

Մհեր Աղալովյանը  նշեց, որ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնը մեծ ներուժ ունի, պատրաստակամություն և կարող է էական դերակատարում ունենալ միջամբիոնային համագործակցության գործում, որը կնպաստի ապագա տնտեսագետի գիտելիքներում մաթեմատիկայի ամուր ողնաշարի ձևավորմանը:

Այնուհետև զեկուցումներով հանդես եկան ֆ.մ.գ. դոկտոր, պրոֆեսոր Մաքսիմ Մուրադյանը՝ «Բարձրագույն մաթեմատիկայի դասընթացի ինտեգրման հիմնախնդիրները բարձրագույն տնտեսագիտական կրթության գործընթացում», ֆ.մ.գ. դոկտոր Մհեր Աղալովյանը՝ «Սեյսմոլոգիայում և սեյսմակայուն շինարարությունում մաթեմատիկական որոշ դասի խնդիրների մասին», ֆ.մ.գ. թեկնածու, դոցենտ Արկադի Հայրապետյանը՝ Լիթլվուդի թեորեմի ընդհանրացման մասին մի արդյունք, որը կհիմնավորի գնահատականի ճշտությունը, ֆ.մ.գ. թեկնածու, դոցենտ Ռոբերտ Գալոյանը՝ «L2-ում լրիվության մասին», ֆ.մ.գ. թեկնածու, դոցենտ Մելսիկ Միրզոյանը՝ «Սահմանային բազմություններ: Մեյերի և Պլեսների բազմություններ», Մաքսիմ Մուրադյանը և ֆ.մ.գ. թեկնածու, դոցենտ Մերուժան Խաչատրյանը՝ «Տեղափոխման տեսության ուղիղ և հակադարձ խնդիրների լուծման էֆեկտիվ մեթոդների մշակումը» թեմաներով զեկուցումներով:

Ծավալվեց ակտիվ քննարկում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին