Առանցքում էին տեղական ժողովրդավարության արդի հիմնահարցերը. ՀՊՏՀ դոցենտը՝ համաժողովի մասնակից

Դիտումների քանակ՝ 1978

Նոյեմբերի 10-ին, Տեղական ինքնակառավարման օրվա առիթով, տեղի է ունեցել տեղական ժողովրդավարության արդի հիմնահարցերի քննարկմանը նվիրված «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» համաժողովը, որին ՀՊՏՀ-ից մասնակցել է  մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ծովինար Կարապետյանը: Ինչպես տեղեկացնում են ամբիոնից, համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի համայնքների միության և Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի համատեղ ջանքերով` Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի շրջանակներում:  Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում ընթացող վարչատարածքային բարեփոխումները և ապակենտրոնացման հեռանկարը:

Համաժողովին մասնակցել են  նախարար Դավիթ Լոքյանը, նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մարզպետներ, համայնքների ղեկավարներ,  համաժողովի կազմակերպիչներ, Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմը: Բանախոսները ներկայացրել են  տեղական ինքնակառավարման բազմաթիվ մարտահրավերներ և առաջարկել դրանց լուծման հնարավոր ուղիները:

Ծովինար Կարապետյանի կարծիքով, համաժողովում ներկայացված հետաքրքիր հարցադրումները և բանավեճային լուծումները արժեքավոր են ՀՊՏՀ մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտության բակալավրիատում դասավանդվող «Տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման կարգավորում» առարկայի նյութերի հարստացման և արդիականացման համար:

Լուսանկարը՝  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի արխիվից:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին