Նվաճումներ ուժային եռամարտում. ՀՊՏՀ-ականները՝ մրցանակակիրներ

Դիտումների քանակ՝ 1522

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 6-8-ը Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում անցկացվել է ուժային եռամարտի հանրապետական միջբուհական առաջնություն: Մարզական միջոցառմանն իրենց հաջող մասնակցությունն են ցուցաբերել մեր համալսարանի մարզիկները:

Ինչպես մեզ տեղեկացրեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս, ուժային եռամարտի մարզիչ Արման Գուլյանը՝ առաջնությունն անցկացվել է 6 քաշային կարգերում, մեր ուսանողները հանդես են եկել 4 քաշային կարգերում: Մասնակցել է ՀՊՏՀ  5 մարզիկ. 75 կգ քաշային կարգում Արա Ստեփանյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, 60 կգ քաշային կարգում Գոռ Թաթոյանը և Գևորգ Մանուկյանը նվաճել են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը, 82.5 և ավելի քաշային կարգում Արմեն Եփրեմյանը գրավել է 4-րդ տեղը և 82,5 կգ քաշային կարգում Սարգիս Սարգսյանը հայտնվել է 6-րդ հորիզոնականում: Մասնակիցները ստացել են հավաստագրեր, 1-3-րդ տեղերը զբաղեցրածները պարգևատրվել են մեդալներով և մրցանակներով:

«Մեր համալսարանը ներկայացրած 5 մարզիկների հետ աշխատել եմ ընդամենը 2 ամիս և պետք է ասել, որ նրանք արձանագրել են բավականին լավ ցուցանիշներ: Նկատի ունենանք, որ առաջնությանը մասնակցում էին ընդհանուր թվով 250 ուսանող-մարզիկներ, որոնց շարքում էին եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ, ռեկորդակիրներ, իսկ մեր ուսանողներից 4-ը 1-ին կուրսեցիներ էին: Անշուշտ, ՀՊՏՀ մարզիկները մեծ ներուժ ունեն, առաջիկայում նրանց մարզավիճակը կբարելավենք և այլ մրցումներում ավելի բարձր նվաճումներ կունենանք»,-ընդգծեց մարզիչը:

Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին